«Փաստ» օրաթերթը զրուցել է «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ:

Պարոն Բազեյան, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները պատերազմի վերսկսման հավանականության մասին, նաեւ Միջազգային ճգնաժամային խումբն է այդ առթիվ զեկույց պատրաստել: Որպես պատերազմով անցած մարդ, նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

Չեմ կարծում, որ պատերազմը մոտ է: Չեմ կիսում այդ կարծիքը: Նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Պատերազմը հանկարծակի չի սկսվում, զինաշարժ պետք է լինի, զորքերի տեղաշարժ պետք է լինի:

Սակայն մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմը գոնե հայկական կողմի համար հանկարծակի սկսվեց:

Ապրիլյան քառօրյան լիարժեք պատերազմ չէր, դա ընդամենը մի քիչ ավելի սուր բախում էր, քան մնացած տարիներին եղել էր:

Ամեն դեպքում, դա քառօրյա պատերազմ էր, եւ մենք բավական շատ զոհեր ունեցանք: Կարծում եք, մենք հիմա ավելի պատրաստվա՞ծ ենք, քան ապրիլյան պատերազմի ժամանակ:

Այո, իհարկե: Ես առանձնահատուկ մասնակցություն չեմ ունենում, բայց հետեւում եմ իրավիճակին, հետեւում եմ գնահատականներին, արված գործերին, կարծում եմ ավելի պատրաստված ենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքս ի վիճակի չէի գնալու, բայց որոշակի կազմակերպչական հարցերով զբաղվել եմ, իսկ «Նիկոլ Դուման» ջոկատի տղաները գնացել էին տարբեր տեղեր:

Պարոն Բազեյան, չե՞ք կարծում, որ Ձեր վերադարձի պահանջը կա հասարակական եւ քաղաքական դաշտ գալու: Ուզո՞ւմ եք վերադառնալ:

Շնորհակալություն, բայց քաղաքական գործունեության վերադառնալու ցանկություն չունեմ, իսկ հասարակական..., բոլորս էլ որոշակի պարտավորություններ ունենք մեր հասարակության, մեր քաղաքացիների հանդեպ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։