Lragir. am-ը գրում է.

Զվարթնոց օդանավակայանում տաքսիստների «վարքականոնի» եւ «հանդերձանքի» թեմային վարչապետ Կարեն Կարապետյանի անդրադարձի տողատակում կրկին հայտնվեց վարչապետ-ոստիկանապետ «դիլեման»:
Կասկածից վեր է, որ Կարեն Կարապետյանի վարչապետության 2018-ի հեռանկարը զգալիորեն կախված է նաեւ այն բանից, թե որքանով կվայելի ոստիկանապետ Վովա Գասպարյանի աջակցությունը: Մյուս կողմից, այդ աջակցությունն էլ թերեւս պայմանավորված է նրանով, թե որքանով Կարեն Կարապետյանը կցուցաբերի կենսունակություն ու մրցունակություն ներիշխանական պայքարում:
Վովա Գասպարյանը Հայաստանի իշխող համակարգում թերեւս ամենափորձառու, շատ թեժ փուլերի, այսպես ասած պղնձի եւ կրակի միջով անցած ներկայացուցիչներից է՝ այս կամ այն անձի միջեւ ընտրություն կատարելու «միամտությունն» ունենալու համար:
Ոստիկանպետ Գասպարյանը դիտվում է Սերժ Սարգսյանի իշխանության հենասյուներից մեկը եւ եթե Գասպարյանը «չընտրի» նրան, ապա տրամաբանությունը հուշում է, որ Սարգսյանի իշխանությունը կամ կչեզոքացվի, կա՞մ Սարգսյանը այդ դեպքում կհեռացնի Գասպարյանին: Բայց, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը գնալ այդ քայլին: Առավել եւս այժմ, երբ ընդամենը մեկ տարի է մնացել նախագահի պաշտոնը թողնելուն: Բանն այն է, որ այդ իրավիճակում ոստիկանապետին հեռացնելու պարագայում Սերժ Սարգսյանը կկանգնի չափազանց մեծ ռիսկի առաջ: Նոր ոստիկանապետին անկասկած ժամանակ է պետք լինելու այսպես ասած իրավիճակի մեջ մտնելու համար: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ներկայումս անցումային եւ չափազանց խառը ներիշխանական փուլում է, մեկ տարին հազիվ թե բավարարի նոր ոստիկանապետին: Առավել եւս, որ Վովա Գասպարյանի որակի կադրերը համակարգում մեղմ ասած սուղ են:
Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանն ինքն էլ մեկ տարի, նույնիսկ արդեն 9-10 ամիս անց չի ունենա նախագահական իշխանություն, որով կկարողանա փոխհատուցել ոստիկանապատ «չունենալը»: Իհարկե կա ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ Սերժ Սարգսյանը ձեւավորել է իր համար վստահելի ղեկավարի թիմը: Սակայն ԱԱԾ-ն այդ իմաստով բավական խոշոր կառույց է եւ ներքաղաքական կամ ներիշխանական մանր հարցերում, ավելի շուտ ինտրիգներում, օբյեկտիվորեն զուրկ է ճկունությունից: ԱԱԾ-ն այսպես ասած առավել մասշտաբային գործիք է:
Այդպիսով, առաջիկա 9-10 ամիսներին էապես մեծանում է Սերժ Սարգսյանի կախվածությունը ոստիկանապետ Գասպարյանից:
Մյուս կողմից, ստանալով այդ առավելությունը, Գասպարյանն ինքը բարդ դրության մեջ է, քանի որ չի տիրապետում Սերժ Սարգսյանի ծրագրերին ու մտադրություններին, նրա հաշվարկներին: Այսինքն, Գասպարյանը «չգիտե» երկարաժամկետ իմաստով ինչ անել իր առավելությունը: Հատկապես Կարեն Կարապետյանի հրաժարական տալու պատճառ չունենալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո:
Եթե Սերժ Սարգսյանն ընդհանուր խաղը տանուլ է տալիս, Գասպարյանի համար բացարձակապես ավելորդ է դառնում պահել Սարգսյանին իր մասով, թեկուզ շատ կարեւոր մասով, դրանով իսկ ենթարկվելով Կարեն Կարապետյանի հետ հարաբերությունը փչացնելու ռիսկին: Չէ՞ որ այդ դեպքում 2018-ից հետո Կարապետյանը կամ Կարապետյաններն են որոշելու, թե ինչ տեղ ու դեր պետք է ունենա Գասպարյանը իշխանության նոր ստատուս-քվոյում:
Մյուս կողմից, ընտրելով Կարեն Կարապետյանին, Գասպարյանը կարող է վստահությունը կորցնել Սերժ Սարգսյանի մոտ: Իսկ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չկորցնի՞ իշխանությունը:
Բայց հենց այդ պատճառով է, որ Գասպարյանը նվազագույնը չի գործի նրանցից որեւէ մեկին ընտրելու սխալը: Ստացած առավելությունը նրա համար կարճաժամկետ իմաստով օգտակար է գոնե այդ ընտրությունից խուսափելու համար:
Վովա Գասպարյանը կփորձի պահել բալանսը Սերժ Սարգսյանի ու վարչապետի միջեւ: Դա խոշոր հաշվով այս փուլում բավարար կլինի նաեւ Սարգսյանի ու Կարապետյանի համար: Ոստիկանության համակարգը իշխող համակարգի առանցքային հենասյունն է եւ այն ներքին հարաբերությունների պարզաբանման անմիջական «գործիքի» վերածելը կլինի ծայրահեղ քայլը, այսպես ասած վերջին հարվածի կամ վերջին հույսի քայլը: Համակարգի թերեւսը հեռու են այդ վիճակից եւ հազիվ թե մոտենան դրան: Իսկ երբ իրավիճակը բնականորեն հասունացած չէ դրա համար, բոլորն են հասկանում համակարգի ներսում, որ ոստիկանության «ճամբարացումը» կբերի ներքին պայթյունի:
Այդ իմաստով հավանական է, որ կա փոխզիջում՝ Գասպարյանի չեզոքության հարցում: Պարզապես Կարեն Կարապետյանը չվստահելով Սերժ Սարգսյանին թերեւս ժամանակ առ ժամանակ փորձում է ստեղծել այդ չեզոքությունը ստուգելու առիթներ, համոզվելու համար, որ պայմանավորվածությունը պահվում է:

Նյութի աղբյուրը՝ Lragir. am