Նախօրեին հորդառատ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով Երեւանում ստեղծված վիճակը, երբ գետնանցումները լցվել էին ջրով, հետեւանքն է սխալ քաղաքաշինության: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Մենք անընդհատ խոսել ենք դրա մասին, բայց մեզ ոչ ոք չի լսել: Քաղաքի սելավատարը՝ Գետառը, փակել ենք, սելավընդունիչները քաղաքի հյուսիսային հատվածում կառուցապատել ենք, դրենաժային համակարգը խախտել ենք դարձյալ կառուցապատումներով եւ բացարձակ հաշվի չենք առել, որ կլիմայի փոփոխություններ են տեղի ունենում: Էքստրեմալ երեւույթները գնալով շատանալու են, մենք պետք է ադապտացվեինք, մենք ամեն ինչ հակառակն ենք արել»,-ընդգծեց Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ իրենց ահազանգերին լսող չի եղել. «Խոսում ես, քեզ ասում են՝ ձայնդ կտրի, մեզ մի խանգարի»:

Հարցին, թե բնապահպաններն ինչ քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու համար, բնապահպանը պատասխանեց. «Մենք հո չե՞նք կարող գնալ Գետառի կառույցները, ռեստորանները պայթեցնել։ Հենց սկսել են կառուցապատել, մենք բողոքել ենք, ցույցեր ենք արել, գնացել ենք կառավարություն, քաղաքապետարան։ Մեզ ասել են իզուր տեղը աղմուկ եք հանում, մենք ամեն ինչ հաշվարկել են հաշվի ենք առել»:

Նրա խոսքով, հիմա մասնագետներին պետք է հավաքել եւ տեսնել ինչ կարելի է անել. «Առաջին հերթին քաղաքի հյուսիսային մասերում սելավատարները, սելավընդունիչները վերականգնել: Ամեն անձրեւից հետո լրագրողները սկսում են զանգ տալ, իսկ անձրեւի ընթացքում բնակիչները Մասիվից, վերեւի մասերից բոլորը զանգահում են, թե՝ տիկին Դանիելյան, եկեք տեսեք՝ ջուրը գժի նման պտտվում է, տեղ չունի որ լցվի, իսկ Գետառի կողքից էլ մի հատ գետ է հոսում՝ ջուրը գալիս իր բնականոն տեղը տեսնում է փակ ու կողքից հոսում ու լցվում է Երեւանի պետական համալսարանի բակ»:

Ինչ վերաբերում է նոր դրենաժային համակարգ կառուցելուն, Կարինե Դանիելյանն ասաց, որ դա բավականին թանկ հաճույք է. «Նախ, որովհետեւ ստորգետնյա է, հետո խնդիրն այն է, որ այնքան է խիտ կառուցապատված քաղաքը՝ հատկապես կենտրոնը, որ հիմա շատ դժվար է պատկերացնել, որ կարելի է էդտեղ իրավիճակը կարգի բերել, բայց կարծում եմ՝ քաղաքապետարանը եւ քաղշինը պիտի լուրջ մասնագետների հավաքեն, քանի որ դա քաղշինի մեղքերն են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ժամը 21:20-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրեւից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ: Պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW», «ՎԱԶ 2101», «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու եւ տեղափոխել անվտանգ տարածք: