Tert.am-ը գրում է.

Պետք է այնպես անենք, որ ինչ-որ ժամանակ հետո մեր դպրոցներն ունենան ճիշտ բեռնվածություն: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա ասել է, որ հանրության պատկերացրած օպտիմալացումը չի լինելու, որ բազմահազար ուսուցիչներ կրճատվեն և այլն, այլ ավելի լավ պայմանների անցնելու մասին է խոսքը:

«Ստիպողական մեծ քայլեր չենք նախատեսում: Նայում ենք դպրոցին՝ վերաբեռնավորման և զարգացման տեսանկյունից: Մի դասարանը 22 աշակերտ ենք հաշվում՝ 9 դասարանով, այսինքն՝ հիմնական դպրոցը մոտավորապես 300 աշակերտ պետք է ունենա: Դա այն դպրոցն է, որ լիարժեք պիտի աշխատի»,- ասել է Լևոն Մկրտչյանը:

Պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ պետք է պայքարել կաշառքով ուսուցիչ ընդունելու և դպրոցներում դրամահավաքի դեմ, նախարարն ասել է, որ պետք է երկուսի դեմ էլ պայքարել։

«Բացարձակապես անընդունելի և պատժելի է որևէ աշխատանքի ընդունելու համար գումար վերցնելը, հատկապես՝ ուսուցչի համար, իսկ դրամահավաքը, օրինակ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կա դրամահավաք, բայց թափանցիկ է, օրինական: Որևէ ծնող, եթե հնարավորություն ունենա, կօգնի իր երեխայի դպրոցին, բայց վստահ չեն, որ տեղ կհասնի»:

Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնում Աննա Ստեփանյանի նշանակվելուն, որը, ըստ մամուլի հրապարակումների, կեղծ դիտորդական վկայական էր ներկայացրել խորհրդարանական ընտրություններում:

«Մամուլից եմ ծանոթ, որովհետև քաղաքապետն է նշանակում կրթության վարչության պետին, ես խոսել եմ հետը, ասել է՝ մեր լավագույն մանկավարժներից է, որը տնօրեն է աշխատել: Մենք պետք է ունենանք դպրոցների տնօրենների պատասխանատվության և դպրոցի ապաքաղաքականացման խնդիր: Այն պետք է լինի կրթական միջավայր և կրթական գործունեությամբ զբաղվի»:

Լևոն Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ աշակերտների ծանրաբեռնվածությունն աշխարհի պրոբլեմն է: Դրա համար 12-րդ դասարանի ձևաչափն աշխարհում առաջացնում է լուրջ խնդիրներ: Նախարարը բացատրում է, որ մի կողմից պետք է կոմպետենտ մարդ ձևավորեն, որ կարողանա աշխարհի մարտահրավերներին դիմակայել այս ինֆորմացիոն դարաշրջանում, մյուս կողմից՝ երեխան ունի մանկության կարիք:

«Իմ կարծիքով՝ մեր դպրոցում կատարվել է շատ լուրջ վրիպում, երբ մենք հմտությունները դարձրել ենք առարկաներ և խիստ ծանրաբեռնել ենք երեխաների օրակարգը: Օրինակ՝ 12 տարեկան երեխան մինչև 18-20 առարկա է սովորում, երբ ինքը տանը ֆիզիկապես 3-4 ժամից ավել չի կարող տրամադրել դասերի պատրաստմանը: Հիմա նոր չափորոշիչներով, նոր կրթակարգով պիտի գնանք համակարգային բեռնաթափման»,- տեղեկացրել է Լևոն Մկրտչյանը:

Նյութի աղբյուրը՝ Tert.am