Լոռու մարզում այսօր՝ հունիսի 13-ին, Կամո Փիրուզյանի սպանության մեջ կասկածվող 26-ամյա Վալերին գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին սատարող Վահագն Աբգարյանի շրջապատից է:

Փիրուզյանների եւ քաղաքապետի միջեւ հակասությունն առաջացել էր դեռեւս 2015թ.-ին տեղի ունեցած ընտրություններից հետո: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2016թ.-ի մայիսին արդեն ընտրություններին հաղթած քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին սատարողներից Վարդան Ավագյանը և Էդուարղ Պողոսյանը սկզբում հարձակվել էին հակառակորդ թեկնածուին սատարող Վարդան Անտոնյանի վրա, իսկ հետո փորձել էին սպանել Կամո Փիրուզյանի եղբորը՝ Վարդան Փիրուզյանին, որն ընտրություններին սատարում էր թեկնածու Արթուր Աբգարյանին: Փիրուզյանն ինքնապաշտպանության էր դիմել, ինչի հետեւանքով երկու մարդ էր մահացել: Դեպքը տեղի էր ունեցել Փիրուզյանի տան առջև: Վարդան Փիրուզյանն իր ավտոմեքենայով վերադառնալիս է եղել տուն, երբ Վահագն Աբգարյանի թիկնապահներ Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը եւ եւս մի քանի հոգի հարձակվել էին Փիրուզյանի վրա. հարձակվողների ձեռքում եղել է առնվազն մեկ ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքշուկ էր սկսվել հենց ավտոմեքենայի մեջ: Վարդան Փիրուզյանն էլ կրակոցներ է արձակել հենց հարձակվողներից մեկի ատրճանակով, ինչի հետեանքով էլ Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը ստացել էին հրազենային վիրավորում եւ մահացել:

Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով, անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ գործը կարճելու փոխարեն նախաքննական մարմինը որպես մեղադրյալ ներգրավվել էր իր պաշտպանյալին: Փիրուզյանն արդեն 1 տարի է՝ գտնվում է հետախուզման մեջ:

Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակում հայտնվեց նաեւ նույն քաղաքի բնակիչ Վարդան Անտոնյանը, որը Վարդան Փիրուզյանի ընկերներից էր եւ ընտրություններին սատարում էր Արթուր Աբգարյանին: Մեր տեղեկություններով, Անտոնյանն օրերս ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մահացած Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանն ընտրություններից հետո հարձակվել էին իր վրա, հարվածել գլխին: Անտոնյանի վրա առկա են վնասվածքներ գլխի շրջանում: Մեղադրյալը պատմել է նաեւ, որ իր վրա հարձակումից հետո հետապնդումներ են եղել իր ընտանիքի անդամների նկատմամբ, ինքն էլ վախեցնելու համար պարզապես կրակել է զրահապատ մեքենայի վրա: Անտոնյանը նշել է, որ ինքն իմացել է, որ մեքենան զրահապատ է, այդ պատճառով է կրակել: Դեպքից հետո Անտոնյանին մեղադրանք առաջադրվեց սպանության փորձի համար եւ նա կալանավորվեց:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ այս ամեն ինչը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրական մեղավորները պատասխանատվության չենթարկվեն:

«Ակնհայտ է, որ սպանություններն ու հարձակումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Վարդան Փիրուզյանին եւ Վարդան Անտոնյանին սպանելու հրաման տվողը պատասխանատվության չի ենթարկվել, և քանի դեռ անպատժելիության մթնոլորտ է տիրում: Ավելին, այս ծանր հետևանքներին է հանգեցրել նաև այն, որ տարօրինակաբար իրականության հետ որևէ աղերս չունեցող սպանության փորձի մեղադրանքով կալանավորված է հարձակման ենթարկված Վարդան Անտոնյանը և հետախուզման մեջ է գտնվում ինքնապաշտպանության դիմած Վարդան Փիրուզյանը: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը կյանքի իրավունքի խախտում է թույլ տվել, քանի որ ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Կամո Փիրուզյանի և նրա ընտանիքի կյանքը վտանգված է, սակայն ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկել, որ այս հանցագործությունը կանխվեր»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ Լուսինե Սահակյանը նախկինում պաշտպանել էր այսօր սպանված Կամո Փիրուզյանին: Շուրջ 10 տարի առաջ Կամո Փիրուզյանն ապօրինի կալանավորվել էր և 1 տարի 2 ամիս գտնվել է կալանքի մեջ, սակայն մեղադրողը հրաժարվել էր մեղադրանքից, եւ ամբաստանյալն արդարացվել էր: 2012թ. հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով որոշում էր կայացրել, որի համաձայն, արձանագրվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ Ազատության և անձեռնմխելիության իրավունք, առաջին, երրորդ եւ չորրորդ կետերի, ինչպես նաև կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: ՀՀ Կառավարությունը Փիրուզյանին վճարել էր 8 հազար եվրո՝ բարոյական վնասի համար: ՄԻԵԴ-ը եզրակացրել էր, որ խախտվել է Կ. Փիրուզյանի ազատության իրավունքը և նրա հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք է դրսևորվել. նա պահվել է ճաղավանդակների հետևում:

Լուսանկարում Կամո Փիրուզյանի սպանության մեջ կասկածվողն է