«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, նախօրեին՝ իր հոր ծննդյան օրը կրկին ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ Տարոնը Երեւանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է, եւ նրան հորդորեց գիշեր-ցերեկ աշխատել հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու եւ Երեւանի կառավարումը շարունակելու համար:

Այն, որ Տարոն Մարգարյանը մեծ վարկանիշ ունեցող գործիչ չէ, այն, որ նա ընդհանրապես գործիչ չէ, Սերժ Սարգսյանը չի կարող չգիտակցել: Քաղաքականության մեջ, սակայն, միշտ չէ, որ ասում են այն, ինչ գիտակցում են: Ավելի շուտ ասում են այն, ինչ տվյալ պահին հարմար է տարբեր պատճառներից ելնելով:

Սերժ Սարգսյանը, օրինակ, կասկածելի հանգամանքներում մահացած Անդրանիկ Մարգարյանի շիրիմի առջեւ ինքն իրեն խոստացել է Մարգարյանի որդուն «լավ նայել» հետագա ողջ կյանքի ընթացքում: Դա նշանակում է՝ քանի Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է, Տարոն Մարգարյանը պետք է Երեւանի քաղաքապետ լինի:

Ճակատագրի հեգնանքով նախօրեին, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին ստանձնեց որպես հատուցում իրեն նվիրաբերվող պաշտոնը, եւ իր հոր բարեկամների ու թշնամիների հետ սեղանի շուրջ նշում էր այդ իրադարձությունը, Երեւանում իսկական ջրհեղեղ եղավ: Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրեւ: Եվ պարզվեց՝ Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն:

Իսկ սոցիալական կայքերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, որ Տարոն Մարգարյանը Երեւանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը՝ նա երեւանցիների ծաղրի առարկան էր դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում