Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նշված մեքենայի ղեկին գտնվել է 16 տարեկան պատանի, ով Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում դեպի Հրազդան ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտնին: Վերջինս, ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 16-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և հարցաքննվել։ Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։