Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։

Մենք գրել էինք, որ Էդուարդ Ներսիսյանը, որը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, եղել է էներգետիկայի նախարարի խորհրդականը, էներգետիկայի նախարարի առաջին տեղակալի օգնական, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի քարտուղար, էներգետիկայի նախարարության նորմատիվների և ստանդարտների վարչության պետ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` արտաքին կապերի բաժնի պետ, արտահանման, ներմուծման և արտաքին կապերի վարչության պետ, Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ։

Բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում նա որպես գույք հայտարարագրել էր բնակարան, իսկ որպես դրամական միջոց 9 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից նա  ստացել է 15 մլն դրամից ավելի գումար: 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ այսօր Արամ Վարդևանյանը նշանակվել է  վարչապետի ավագ օգնական։ Մինչ այդ, նա վարչապետի օգնականներից էր։ Պաշտոնին նշանակվել էր անցած տարվա սեպտեմբերի 29-ին։ Նախկինում Արամ Վարդևանյանը աշխատել է ՄԻՊ աշխատակազմում, ՀՀ ՍԴ-ում: Նա հաղորդավար, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի ամուսինն է:

2016 թվականին պաշտոնը ստանձնելուն պես ներկայացրեց իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Ըստ փաստաթղթի՝ Վարդևանյանն ունի SUZUKI GRAND VITARA 2.0 մակնիշի ավտոմենքենա: Որպես անշարծ գույք ոչինչ նշված չէ: Երիտասարդ օգնականը տիրապետում է 3.8 մլն դրամի և 10 հազար ԱՄՆ դոլարի դրամական միջոցների: Վարդևանյանը ստացված եկամուտից որպես աշխատավարձ հայտարարագրել է ընդհանուր 3.734.597 դրամ, որպես հետ ստացած փոխառություն՝ 295 հազար դրամ և որպես նվիրատվություն 10 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ մինչ այս Կարեն Կարապետյանն իր տրամադրության տակ ուներ 2 գլխավոր խորհրդական՝ Գագիկ Մարտիրոսյանը, Հայկ Դավթյանը։ 

Այս պահի դրությամբ Կարեն Կարապետյանը մեր փոքր երկրի փոքր տնտեսությունը կառավարելու համար ունի 11 խորհրդական, որից 3-ը՝ գլխավոր, 6-ը՝ հասարակական հիմունքներով։

Նյութի աղբյուրը ` Hraparak.am