Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ֆինանսական շուկայի տեսչությունը հետ է կանչել երկրում գործող քսաներկու վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Պաշտոնական հայտաարության համաձայն՝ այդ կազմակերպությունները արդեն ավելի քան մեկ տարի փաստացի չեն գործել, կամ չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ, կամ էլ ներկայացված հաշվետվություններում բերված տվյալները եղել են խեղաթյուրված: Նշվում է, որ որոշ կազմակերպություններ էլ նույնիսկ տարեկան գործունեության ընդհանուր հաշվետվություն չեն ներկայացրել: Միաժամանակ Ադրբեջանի տնտեսական ոլորտային գերատեսչություն հանդիսացող Գույքի կառավարման պետական կոմիտեն էլ ԱՊԱ լրատվական գործակալությանը փոխանցել է, որ լուծարվել են մի շարք պետական ձեռնարկություններ, որոնք դեռեւս խորհրդային տարիներին եղել են հզոր գիտաարտադրական միավորումներ:

Դեռեւս օրեր առաջ լիցենզիայից զրկվել էին հիսունից ավելի ապահովագրական գործակալություններ: Ու չնայած որ չեն նշվում այս ամբողջի իրական պատճառները, պարզ է, որ Աբշերոնյան պետությունում ֆինանսական համակարգի ցնցումները շարունակվում են:

Հատկապես աղմկոտ էր Ադրբեջանի Միջազգային բանկի սնանկացման պատմությունը, որը կապվում էր Իլհամ Ալիեւի դստեր անվան հետ: Ի դեպ, արդեն օրինաչափություն դարձած երեւույթ է այն, որ երբ Ադրբեջանում սկսվում են ֆինանսատնտեսական կամ քաղաքական ցնցումներ, որպես հետեւանք աճում է լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում, որը Ալիեւյան վարչակարգի գործիքն է իշխանությունը պահպանելու։

Նյութի աղբյուրը Hraparak.am