Երեւանի կենտրոնում Գեւորգ Սարգսյանի՝ «Ջունգլի» կողմից կնոջը ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:

NEWS.am-ին Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտնեց, որ քրգործը կարճվել է հաշտության հիմքով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կնոջ լուսանկարները ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով 2016թ. նոյեմբերի 26-ին հանդիպել է կնոջը, առաջարկել անցնել փողոը, սակայն նա չի համաձայնվել: «Ջունգլը», նրա ձեռքից բռնած քաշելով, անցկացրել է փողոցը, ցանկացել նստեցնել իր ընկերոջ ավտոմեքենան, ինչի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, կծել է նրա ձախ թեւը:

Գեւորգ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը մեղադրվում է նաեւ ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ, սակայն, «Ջունգլին» Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել՝ մերժելով խափանման միջոցը փոխելու եւ կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Միայն կնոջը ծեծելու դեպքից հետո Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել Սարգսյանին: