ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երեւանում գործող դեղատներից մեկը եւ ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քարեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները,ենթարկվել զննության:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: