Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։

Նախարարն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Անկասկած, գալիք գագաթաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը:

Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ եւ կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME եւ Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաեւ «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել:

Կան նաեւ որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը եւ Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, եւ ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում:

Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք եւ համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարեւոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին եւ կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնել ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված շարունակական օժանդակության համար, ներառյալ՝ Արեւելյան գործընկերություն նախաձեռնության միջոցով, ուղղված Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը եւ մեր երկրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այս առումով ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, եւ դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը: Այս խորհրդարանական ընտրությունները հատուկ կարեւորություն ունեին Հյաստանի՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հարցում:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնաժողովին եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթղթի լրամշակված տարբերակը մեզ տրամադրելու համար, որով ոչ միայն առաջարկվում է գործողությունների լավ ծրագիր առաջիկա տարիների համար, այլեւ Արեւելյան գործընկերության նոր՝ վերանայված կառուցվածք, ինչն անմիջականորեն կապված է այս բազմակողմ հարթակի շրջանակներում գործընկեր երկրների կատարողականի եւ, ինչն առավել կարեւոր է, ընդհանուր պարտավորությունները կյանքի կոչելու քաղաքական կամքի հետ:

Մենք նաեւ վստահ ենք, որ տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում այդ շրջանակներում զարգացնելու բազմաոլորտ եւ բազմաշերտ համագործակցություն՝ դրանով իսկ մեզ թույլ տալով պահպանել գործընկերության ամբողջականությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը հավատարիմ է մնում Արեւելյան գործընկերության շրջանակներում մեր համատեղ ջանքերին, ինչպես գալիք գագաթաժողովի, այնպես էլ մեր հետագա համագործակցության համատեքստում»։