«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում եւ «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:

ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետեւանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել:

«Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցեւայնպես մարդկանց եւս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռեւս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ:

Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է:

«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել:

Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց, եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել:

Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում