«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը դատարանի որոշման նիստերի դահլիճից 6 ժամով հեռացվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արտագնա նիստի մեկնարկին գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկար պարզաբանեց նիստի անցկացման կարգը, նշեց, որ դատարանի՝ դատական նիստի դահլիճ մտնելու պահին, դատական նիստի դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, դատական քննության մասնակիցները դատարանին դիմում են «հարգելի դատարան» արտահայտությամբ, ապա ոտքի կանգնած անում անհրաժեշտ հայտարարություններ, միջնորդություններ, բացարկների հարուցում: Դատավորը նաև նշեց, թե անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում ինչ միջոցներ կարող է կիրառել դատարանը:

Հայտարարությամբ հանդես եկավ գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, ում հայտարարության սկզբնական հատվածը լսելի չէր, քանի որ դատական նիստերի դահլիճն ապակեպատ է, և պարբերաբար խնդիրներ են առաջանում ձայնի լսելիության հետ կապված: «Իրականում դատական մարմին չկա, օրենսդիր մարմին չկա, գործադիր մարմին չկա: Եթե մենք հարգեինք դատական մարմնին, մենք այսօր այստեղ չէինք լինի»,- ասաց ամբաստանյալը, որի խոսքի մնացած հատվածը լսելի չէր:

Դատավորը պարզաբանում էր նախագահող դատավորին և դատավորի քարտուղարի բացարկի հիմքերը: Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանն այդ ժամանակ հայտարարեց, որ հայ ժողովուրդը, մասնավորապես՝ «Սասնա ծռերը», բացարկ հայտնել են ոչ թե տվյալ դեպքում տվյալ դատավորին, այլ ողջ դատարան կոչված, արդարադատություն կոչված կառույցին, հանցավոր ռեժիմին: «Եթե ամբողջ համակարգին բացարկը հայտնել ենք, ի՞նչ կարիք կա անհատապես բոլոր դատավորներին բացարկ հայտնել: Բոլորը ծառայում են, սպասարակում են նույն ռեժիմին»,- ասաց նա:

Նա նշեց, որ բացարկ են հայտնել հանցավոր ռեժիմին, որի պատճառով այս պետությունը գնում է դեպի կործանում: «Սահմանի վրա մենք ամեն օր կորցնում ենք մեր ազգի արժանավոր զավակներին»,- ասաց նա, սակայն դատավորը նախազգուշացում կիրառեց Գագիկ Եղիազարյանի նկատմամբ:

Վերջինս շարունակեց իր խոսքը՝ նշելով, որ հայ ժողովուրդն իր բացարկը հայտնել է բոլորին, ավելացնելու ոչինչ չունի, դաավորը կարող է կիրառել ցանկացած սանկցիա:

Դատավորը սանկցիա՝ նախազգուշացում, կիրառեց նաև Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: