1in.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում ապագա իշխանության հարցին անդրադարձել են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխանության ներկայացուցիչները, ավելի շուտ՝ նրանք պատասխանել են իրենց ընդդիմախոսներին:

Խիստ ուշագրավ միտք է արտահայտել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այնքանով, որքանով վերջինս նաև ՀՀԿ խոսնակ է, կարելի է արձանագրել, որ գործ ունենք պաշտոնական տեսակետի, քննարկված-հղկված դիրքորոշման հետ, մանավանդ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է կառավարման կոնցեպտուալ բանաձև:

«Անկախ նրանից՝ ով կլինի վարչապետ, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»։
Եթե ուշադրություն դարձրիք, Շարմազանովը խոսում է ոչ թե երկու կուսակցության, այլ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ կոալիցիայի մասին: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Շարմազանովի խոսքում նույնիսկ անտեղի է ՀՅԴ-ի հիշատակումը, որովհետև ակնհայտորեն խոսվում է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի անձնիշխանության մասին, որի ֆոնին դեկորատիվ նշանակություն են ունենալու ոչ միայն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, այլ նաև պետական ինստիտուտները:

Գուցե այս ամենը պարադոքսալ է հնչում խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագայում, սակայն նկատենք, որ Հայաստանում սահմանադրական կարգը խիստ պայմանական հասկացություն է, և ավելի շատ ինքն է հարմարվում իրականությանը, քան բովանդակություն և ֆունկցիոնալություն է հաղորդում պետական մարմիններին:

Մյուս կողմից՝ վոժդիզմը ծնվում է քաղաքական մշակույթի, արժեքային ձևախեղման հետևանքով և ուղղակիորեն չի աղերսվում կառավարման խնդրի հետ: Դասական օրինակ է Հիտլերի ֆենոմենի առաջացումը խորհրդարանական Գերմանիայում:

Սերժ Սարգսյանը կառավարման համակարգը փոխեց հենց այն պատճառով, որ չէր ցանկանում 2018-ին հեռանալ իշխանությունից: Այսինքն՝ Սահմանադրությունը հարմարեցվեց Սարգսյանի ցանկությանը, մանավանդ, որ համակարգի ներսում կամ դրանից դուրս Սերժ Սարգսյանի հնարավոր մրցակիցները չունեն ՀՀԿ-ին համարժեք այլընտրանք՝ ռեսուրսային առումով: Չի էլ կարող ՀՀԿ-ին այլընտրանք լինել, որովհետև այն ոչ թե կուսակցություն է դասական իմաստով, այլ պետական նոմենկլատուրայի և օլիգարխիայի դաշինք, քաղաքական ցուցանակ:

Այսինքն՝ վոժդիզմի հիմքերը դրվեցին սահմանադրական հանրաքվեի օրը, այսօր Շարմազանովը խորհրդարանական ամբիոնից ընդամենը սպանեց պառլամենտարիզմը, երբ «պարտիա-էտա Լենին» ռուսական հայտնի արտահայտությունը փոխակերպեց «ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանն է» դարձվածքով: Իհարկե, ոչ միայն ՀՀԿ-ն է Սերժ Սարգսյանը, այլ նաև խորհրդարանն ու կառավարությունը, որոնց ղեկին Սերժ Սարգսյանի քաղաքական մարիոնետներն են:

Սխալ են որոշ մեր գործընկերներ, ովքեր պնդում են, թե Հայաստանում հաստատվել է կուսակցապետություն: Չկա նման բան, որովհետև կուսակցական կառավարումը ենթադրում է կոլեգիալություն և ռոտացիա՝ գոնե տասը տարին մեկ անգամ: Հայաստանում ձևավորվում է անձնիշխանություն, ու հիմա նույնիսկ քրեաօլիգարխիկ համակարգը բերվում է նոր իրողությունների տրամաբանությանը: Շուտով օլիգարխիկ համակարգում ականատես կլինենք նոր ֆիլտրումների:

Նյութի աղբյուրը՝ 1in.am