1in.am-ը գրում է.

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ երեկ Կարեն Կարապետյանն այցելել էր «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Ինչպես հայտնի է՝ ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Այս տեղեկատվության մեջ որևէ արտառոց բան չկա, մանավանդ, որ վարչապետի անմիջական պարտականությունն է անմիջականորեն տեղեկանալ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերին, նրա պոտենցիալին: Արտառոցն այլ բան է, այն, որ կառավարության կայքը խմբագրել է իր իսկ տեղադրած հաղորդագրությունը` հեռացնելով այն լուսանկարները, որոնցում կար նաև Սամվել Ալեքսանյանը: Գուցե դա արվել է Ալեքսանյանի խաթեր, որպեսզի նրան հեռու պահի բիզնես ու պատգամավորական գործունեություններն ապօրինաբար համատեղելու մեղադրանքից: Բայց սա կատակի ժանրից է, որովհետև` եթե լուրջ, ապա Ալեքսանյանի մոտ «թղթով» ամեն բան կարգին է, այսինքն` նա բիզնես չունի ու իր չոր ռոճիկի ու տնեցիքի հույսին է: Մի խոսքով` Ալեքսանյանը չէր կարող իր լուսանկարները «խմբագրել» ու դա արել է վարչապետի թիմը` միանգամայն հասկանալի մոտիվացիայով, որովհետև նրա թիմի մեդիա քաղաքականության առանցքում «առաջադեմ, ուսյալ» Կարեն Կարապետյանն է` «քյարթու, գեղցի, քյաբաբ ուտող» օլիգարխների ֆոնին: «Նոր ոգու» այս պրոպագանդան միակ բանն է, որին Կարեն Կարապետյանի թիմը տիրապետում է: Այդ միֆով է նա վաստակում քաղքենիների համակրանքը, արժանանում թոշակառուների օրհնանքին, գյուղացիների սիրալիությանը և վերջապես` խելքահան անում մեծաթիվ կանանց: 

Ամբողջ հարցն այն է, որ «նոր ոգու» PR-ն այլևս ժամանակավրեպ է և կոնտրաստի մեջ է այն քաղաքականության հետ, որը վարում է Կարեն Կարապետյանը:

Նրա երկու ակնկալիքները կամ հռչակված առաջնահերթություններն իրականություն չեն դարձել ու, ըստ ամենայնի, չեն դառնալու մոտ ապագայում:

Սամվել Կարապետյանի ու մյուսների միջոցով զուգահեռ համակարգ ու տնտեսություն ստեղծելու հույսերը գրեթե թաղվել են: Ռուսական` թեկուզև հայկական ծագմամբ կապիտալը Հայաստան չի գալիս` թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական պատճառներով, բայց հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ «Կարեն Կարապետյան» քաղաքական պրոեկտը երեք միլիարդ դոլար չարժե: Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայաստան գումարներ են ներդրվելու, ապա պոտենցիալ ներդրողներից շատերը, օրինակ` Ռոբսոնը, Դոն Պիպոն, քրեական թափթփուկներ են, որոնց ֆոնին անհարմար է Սամվել Ալեքսանյանին նույնիսկ մականունով դիմել, որովհետև նա դասական գործարարի կերպար է:

Եթե պաշտոնավարման արշալույսին Կարեն Կարապետյանը մտածում էր, որ IT ոլորտով, նանո-տեխնոլոգիաներով հնարավոր կլինի տնտեսությանը լիցքեր հաղորդել, ապա հիմա ակնհայտորեն վերանայել է իր դիրքորոշումը: Նախ` դրա համար երկար ժամանակ է պետք և հետո` բարձր տեխնոլոգիական հեռանկար ունենալու համար գոնե պետք է պահպանել այն թեկուզև հետամնաց տնտեսությունը, որ այսօր կա: Մյուս կողմից` ՏՏ ոլորտը տնտեսության առաջնահերթություն դարձնելու համար անհրաժեշտ է ձերբազատվել օլիգարխիկ մտածողությունից, ինչը Կարեն Կատապետյանն անել չի կարող և չի ուզում:

Մնում է հույսը դնել «քյարթու» օլիգարխների վրա, սակայն դա պետք անել` առանց ձևեր թափելու և կույսերին բնորոշ ամոթխածության, մի խոսքով` պետք է հրաժարվել «լֆիկներին» մերժող լրատվական քաղաքականությունից: Ի վերջո, եթե Կարեն Կարապետյանը ռուսերեն խոսել ու հմուտ պատառաքաղ բռնել գիտի, դա չի նշանակում, որ նա Սամվել Ալեքսանյանից ավելի որակով է: Հակառակը` անհրաժեշտ է խնամքով պահպանել Ալեքսանյանի հետ համատեղ լուսանկարները` գուցե մի օր պետք լինի սերունդներին ցույց տալ, որ նրա հետ մոտիկություն է եղել: Համենայնդեպս, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (նկատի ունեմ քրեա-օլիգարխիան) մի քանի վարչապետի ճանապարհ է դրել, այս մեկին էլ կդնի` շուտով: Թեկուզ իր լուսանկարները «խմբագրելու» համար:

Նյութի աղբյուրը՝ 1in.am