Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ կազմակերպված «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում լրագրողական խումբն այցելեց Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ:

Գնիշիկ պահպանվող լանդշաֆտն այժմ մնացել է առանց Գնիշիկ համայնքի. գյուղապետ Արա Լևոնյանը ետ է վերցրել համայնքին պատկանող տարածքները: 

Ի դեպ, վերջերս պահպանվող լանդշաֆտի տեսուչներից մեկին ոստիկանները ձերբակալեցին ձկնագողության կասկածանքով: Նա ենթարկվեց վարչական տույժի: Այս միջադեպի իսկությունը ոչ ոք չէր հերքում, իսկ ոմանք անգամ չէին զարմանում, թե ինչո՞ւ է անտառապահը ձկնագողությամբ զբաղվում:

Բնասերները պնդում են նաև, որ ԳՊԼ տարածքում որոշ պաշտոնյաներ որս են անում, իսկ ոմանք էլ ասում են՝ ԳՊԼ-ի հետ կապված «Սաֆարի ինթերնեյշնլ» է այդ տարածքում գումարի դիմաց որս կազմակերպում:

Ինչևէ, WWF-ի ջանքերով համայնքներում շատ բարեփոխումներ են կատարվել՝ նոր գրասենյակային և գյուղտեխնիկա, առաջիկայում՝ շամպայնի գործարան, լանդշաֆտի այցելուների համար նոր հյուրատուն և այլն: Սակայն այն, որ այստեղ բազմաթիվ մութ անկյուններ կան ևս անժխտելի է: