Lragir.am-ը գրում է.

Կառավարության նիստում կայացվել է որոշում, որ նոյեմբերի 5-ը կլինի ՏԻՄ ընտրությունների օր: Դա նշանակում է, որ այդ օրը տեղի կունենա նաեւ Արտաշատի քաղաքապետի ընտրությունը:
Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությանը Ծառուկյան դաշինքի կազմում դարձավ պատգամավոր: Արգամ Աբրահամյանը՝ նախկին վարչապետ եւ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին, նախընտրեց վերցնել մանդատն ու վայր դնել քաղաքապետի պաշտոնը:
Սակայն, բոլորովին վերջերս նա հայտարարեց, որ Աբրահամյանները չեն պատրաստվում վայր դնել Արտաշատի հանդեպ իրենց հավակնությունը: Արգամ Աբրահամյանը հայտնել էր լրագրողներին, որ հայրը կայացրել է ընտրությանը իր թեկնածուին առաջադրելու որոշում: Արգամ Աբրահամյանը նշել էր, որ թեկնածուի անունը պարզ չէ, սակայն ազգականների շրջանակում որոշումը կայացված է, որ առաջադրում լինելու է: Ընդ որում, Արգամ Աբրահամյանը հրապարակեց նաեւ ֆեյսբուքյան լուսանկար, որտեղ ասֆալտապատում էր իրականացվում Արտաշատում: Լուսանկարն ուղեկցվում էր գրառումով, որ Աբրահամյաններն իրենց անձնական միջոցներով շարունակելու են բարեկարգել Արտաշատը: Իսկ ասֆալտը, ինչպես հայտնի է, Հայաստանի ընտրական գործընթացի «ծրագրային դրույթ» է, առանցքային ընտրական տեխնոլոգիա:
Այդպիսով, Աբրահամյանները բավական խոսուն հաստատել են Արտաշատի քաղաքապետի պաշտոնը պահելու իրենց հավակնությունը: Իսկ հաշվի առնելով այն, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից ու ՀՀԿ-ից հեռանալիս հայտարարել է, որ չի հեռանալու աշխույժ քաղաքականությունից, Արտաշատի քաղաքապետի ընտրությունը նրա համար կարող է լինել հանգուցային, եւ այդ իմաստով նոյեմբերի 5-ը փաստորեն Հովիկ Աբրահամյանի համար կարեւոր «ճակատամարտի» օր է:
Մնում է հասկանալ, ճակատամարտը կլինի ՀՀԿ հետ պայմանավորվա՞ծ, թե ոչ: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված, կամ՝ ոչ:
Ընդհանրապես Արտաշատի քաղաքապետի ընտրությունը նոյեմբերին նշանակելն այդ տեսանկյունից ունի ուշագրավ երանգ: Իշխանությունը նոյեմբեր տեղափոխումը բացատրեց նրանով, որ հունիսին պարզապես չէին հասցնի անել անհրաժեշտ ընթացակարգերը: Մյուս կողմից, հարցը ինչ որ պահի անորոշության փուլում էր, ինչը նշանակում է, որ այդուհանդերձ քաղաքական որոշման դեպքում հասցնելու տեխնիկական խնդիրը կլուծեին: Ըստ այդմ, Արտաշատի «ճակատամարտը» նոյեմբեր տեղափոխելը քաղաքական որոշում է:
Նոյեմբերին Հայաստանի այսպես ասած 2018-ի խնդիրը կմտնի հանգուցալուծման եզրափակիչ փուլ: Իսկ Արտաշատի քաղաքապետի ընտրությունն այդ տեսանկյունից կարող է լինել ազդեցության գործոններից մեկը՝ այս կամ այն հանգուցալուծման համար: Միեւնույն ժամանակ, այս կամ այն հանգուցալուծման վեկտորի գերակայությունն էլ իր հերթին կարող է ազդել Արտաշատի ելքի վրա:
Օրինակ, մի ելք կարող է լինել այն դեպքում, երբ հստակ լինի, որ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ գնում է, եւ բոլորովին այլ ելք, երբ պարզ լինի, որ նա մնում է կամ վարչապետ նշանակվում է նրա սցենարով: Եվ բոլորովին այլ ելք կլինի, եթե հանգուցալուծում որպես այդպիսին չլինի, եւ իշխանության տարբեր թեւերը գնան պայմանավորվածության փոխզիջումային տարբերակի, դիմակայությունն ավելի երկար շարունակելու համար՝ կոշտ բախումից խուսափելու նպատակով:
Եթե Սերժ Սարգսյանը տանուլ է տալիս 2018-ը, ապա Հովիկ Աբրահամյանի «ասֆալտն» ըստ երեւույթին կընկնի ջուրը, կեղտոտելով այն, ինչպես որ ինքն էր «բանավիճում» Սերժ Սարգսյանի հետ «մայր գետի» մաքրության շուրջ: Որովհետեւ Աբրահամյանի քաղաքական դերակատարումը կարող է անհրաժեշտ լինել միայն Սերժ Սարգսյանին: Թեեւ, Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում էլ ջուրն ընկնելու հավանականությունը մեծ է, քանի որ Աբրահամյանը Սարգսյանին պետք է որպես հաղթանակի հասնելու միջոց, բայց եթե հաղթանակն արդեն լինի երաշխավորված, ապա Աբրահամյանը Սերժ Սարգսյանին այլեւս անհրաժեշտ չի լինի, հետեւաբար մեծ է հավանականությունը, որ չի լինի նաեւ Արտաշատի միջոցով Աբրահամյանին վերականգնելու անհրաժեշտություն:
Հովիկ Աբրահամյանի համար իդեալական վիճակը կլինի այն, որ նոյեմբերին պահպանվի անորոշությունը: Այդ դեպքում նա նույնիսկ շանս ունի անհրաժեշտ լինել Կարեն Կարապետյանի համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am