Lragir.am-ը գրում է.

Հունիսի 16-ին Ադրբեջանի հերթական սադրանքից հետո, որին զոհ գնացին հայ զինծառայողներ, հանրային տարբեր հարթակներում հնչեց հայ պաշտոնյաների դեպքում արդեն սակրալ դարձած հարցը՝ իսկ որտե՞ղ է Վիգեն Սարգսյանը:
Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը չի արտահայտվել այդ միջադեպի կապակցությամբ: Փոխարենը, նա կազմակերպել է քաղաքացիների ընդունելություն: Հնարավոր է՝ զբաղված է եղել հայ զինվորի կոշիկի դիզայնով ու բրենդավորման հարցերով, ինչպես ասել է իր պաշտոնավարման սկզբում:
Այսօր Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկմանը, որոնք վերաբերվում են առաջնագծում զինվորական ծառայության կազմակերպման խնդիրներին:
Փորձագիտական տարբեր շրջանակներում այս նախաձեռնությունները գնահատվել են որպես իշխող համակարգի անպատասխանատվության հերթական դրսեւորում, երբ փորձ է արվում կարեւորագույն, այդ թվում անվտանգության խնդիրները լուծել հանրության հաշվին: Այն իմաստով, որ պաշտպանության ու անվտանգության համար պատասխանատվությունը եւ բեռը լիովին դրվում է հանրության վրա:
Ինքնին, նախաձեռնությունները հետաքրքիր են, բայց հաշվի առնելով համակարգային իրողությունները եւ իշխանության վերադասավորումների ներկայիս զարգացումները, նման գնահատականներն առավել իրատեսական են դառնում:
Վիգեն Սարգսյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել, հատկապես զինվորական շրջանակներում: Կա տեսակետ, որ նշանակելով Վիգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանն ըստ էության ինքն իրեն է նշանակել պաշտպանության նախարար, իշխանական վերադասավորումների այս առանցքային փուլում բանակի վերահսկողությունն ապահովելու համար:
Ընդհանրապես, վերջին մեկ տարվա ընթացքում կադրային նշանակումներն ու տարբեր նախաձեռնությունները լիովին ենթարկված են իշխանության այս ծրագրերին:
Ահա թե որտեղ է Վիգեն Սարգսյանը: Առավել եւս, որ Պնախարարի պաշտոնը քաղաքացիական է, եւ Վիգեն Սարգսյանն ունի «ալիբի»՝ անմիջապես ռազմական թեմաներին չանդրադառնալու համար:
ՊՆ նախորդ ղեկավարությունը, որն իր խնդիրներով հանդերձ պրոֆեսիոնալ զինվորականություն էր, լիովին այլ իրավիճակ էր պարտադրում ռազմա-քաղաքական խնդիրներին, պահելով բանակի իմիջն ու այն ամրապնդելով կոնկրետ գործողություններով:
Իսկ հիմա նկատելի է որոշակի խառնաշփոթ ու անվճռականություն սահմանային միջադեպերի հարցում, ինչն ավելի է վստահություն հաղորդում հակառակորդին: Բացի այդ, տեղեկատվությունն են «փակել», եւ նույնիսկ ամենակարեւոր իրադարձություններին հանրությունը տեղեկանում է «արտահոսքերի» միջոցով, որոնք այդպիսով կորցնում են լրջությունն ու արժանահավատությունը:
Արդյոք սա զուտ ներիշխանական զարգացումների հետեւանք է, թե՞ գործ ունենք առավել գլոբալ խնդրի հետ: Բանն այն է, որ բանակը մնացել էր Հայկական անկախ պետականության վերջին ինքնիշխան միավորը, որն անցյալ տարվա ապրիլին տապալեց Արցախի ու Հայաստանի դեմ ծրագիրը եւ որն իր ձեռքն էր վերցրել նաեւ արտաքին քաղաքականության որոշակի գործառույթներ:
Եվ եթե հանրությունը ապրիլից հետո պարբերաբար հնչեցնում էր «իսկ որտե՞ղ է ԱԳ նախարար Նալբանդյանը» հարցը, հիմա նրան ավելացել է նաեւ Պնախարար Վիգեն Սարգսյանը: Իսկ դա վատ նախանշան է թե բանակի, թե ընդհանրապես անվտանգության ու ռազմա-քաղաքական խնդիրների համատեքստում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am