Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դուրս է գալիս Ստամբուլի Աթաշեհիր շրջանում գտնվող Միմար Սինանի մզկիթից, ուր եկել էր Ռամադանի տոնական նամազ անելու և վատ ինքնազգացողության պատճառով ուշագնաց էր եղել։

Ինչպես փոխանցում է թուրքական haberler.com կայքը, Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իր տոնական ծրագիրը խախտել չի պատրաստվում։

Հիշեցնենք, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառով Էրդողանը նախօրեին ուշագնաց էր եղել մզկիթում տոնական աղոթքի ժամանակ։ Թուրքիայի նախագահին շտապ տեղափոխել էին մզկիթի առանձին սրահ, որտեղ նա ստացել էր առաջին բուժօգնություն դեպքի վայր ժամանած բժիշկների կողմից։ Աթաշեհիր շրջանի հիվանդանոցներում ահազանգ է տրվել պատրաստ լինել ընդունելու նախագահին, սակայն Էրդողանը հիվանդանոց այդպես էլ չի տեղափոխվել։