1in.am-ը գրում է.

Ազգային ժողովը հուլիսի 4-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկելու է Սևանա լճից այս տարի լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարի լճից պետք է բաց թողնվի 170 մլն խմ ջուր: Իսկ անհրաժեշտության դեպքում պետք է օրենքում փոփոխություն կատարվի, ու լրացուցիչ ջրառի թույլտվություն տրվի, ինչը պարբերաբար արվում է և արվելու է նաև այս տարի:

Իսկ որպես անհրաժեշտություն՝ կառավարությունը միշտ ներկայացնում է ոռոգման համար ջրի սակավությունը: Նույն պատճառաբանությունն էլ ներկայացրել է նաև այս անգամ: Բայց զուգահեռաբար նաև նշված է, որ լրացուցիչ ջրի բաց թողնման արդյունքում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների մոտ առաջանալու են լրացուցիչ գումարներ, որոնք ենթակա են վճարման կառավարության արտաբյուջետային հաշվին: Բայց նախագծի հիմնավորումների մեջ գնահատված չէ, թե խոսքը մոտավորապես ինչ չափի էլեկտրաէներգիայի արտադրության կամ գումարների մասին է գնում:

Նշենք, որ տվյալ դեպքում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ասելով՝ պետք է հասկանանք «Սևան-Հրազդան կասկադը»: Կասկադը հանդիսանում է այդ ընկերության սեփականությունը, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: «Սևան-Հրազդան կասկադը» բաղկացած է յոթը հիդրոէլեկտրակայաններից և Հայաստանի ՀԷԿ-երից ամենաշատ էներգիա արտադրողն է: Իսկ բնապահպանները կարծում են, որ Սևանից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու պատճառն իրականում այս կասկադի աշխատանքը, արտադրած էներգիան և ստացած շահույթն ավելացնելն է: Եվ երբևէ այդ լրացուցիչ բացթողնված ջուրը գյուղատնտեսական կամ ոռոգման լուրջ խնդիր չի լուծել: Եվ իրականում ով պետք է ստուգի, թե «Սևան-Հրազդան կասկադը» որքան լրացուցիչ շահույթ ստացավ, որ դրանք գանձվեն կառավարության արտաբյուջետային հաշվին: Եվ այն դեպքում, երբ ՀՀ պատկան կառույցները երբևէ չեն համարձակվել լուրջ պատասխանատվության ենթարկել էներգետիկ ոլորտի հատկապես այն ընկերություններին, որոնք պատկանում են Ռուսաստանին: Եվ հատկապես այն դեպքում, երբ հիմա վարչապետ է Կարեն Կարապետյանը, որը տասը տարի շարունակ տնօրեն եղել է այդ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի՝ «Հայռուսգազարդի», որն էլ իր հերթին հայտնի է եղել տարատեսակ չարաշահումներով՝ սկսած գազի ձախ խողովակներից մինչև մատակարարվող գազի կալորիականությունն արհեստականորեն իջեցնելը:

Բայց այս դեպքում կա ևս մի հետաքրքիր հանգամանք: Նույն բնապահպանները հիշեցնում են, որ 2001թ. մեր երկիրը Համաշխարհային բանկից ստացել է 30․8 մլն դոլար վարկ Արարատյան դաշտավայրում Արաքս գետից սնուցվող ոռոգման ցանց կառուցելու համար: Եվ 2001-2012թթ. Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է «Ոռոգման զարգացման համակարգ» վարկային ծրագիրը, բայց եթե այն լիարժեք իրականացված լիներ, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէր լինի: «Իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները»,- հարցնում են բնապահպանները նախօրեին տարածած իրենց համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այդ ծրագրի իրականացման սկզբնական տարիներին՝ 2001-2004թթ. Ջրպետկոմի նախագահը ներկայումս Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն էր: Այդ տարիներին ջրամատակարարման, ոռոգման և ընդհանրապես ջրային ոլորտի բարեկարգման համար ՀՀ կառավարությունը ՀԲ-ից ու ֆինանսական տարբեր դոնոր կազմակերպություններից հարյուրավոր մլն դոլարների վարկ էր վերցնում, որոնք հիմնականում Ջրպետկոմի հսկողությամբ էին ծախսվում: Եվ այդ ժամանակ ոչ միայն հանրության, անգամ քաղաքական ու պետական կառավարման համակարգում համոզված էին, որ այդ վարկային գումարների մեծ մասը թալանվում է և ահռելի պարտքը թողնվում սերունդների ուսերին: 2004թ. անգամ Ազգային ժողովը օտարերկրյա վարկերի և դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողով էր ստեղծել, որի նախագահը «Դաշնակցության» պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էր: Վերջինս ԱԺ-ում իր վերջնական զեկույցի ներկայացման ժամանակ փաստերով, նկարներով ու այլ ապացույցներով ջրի երես հանեց ոլորտում կատարված ահռելի չարաշահումներն ու յուրացումները: Բայց այդ աղմկոտ զեկույցը ծածկադմփոց արվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, իսկ Գ.Մարտիրոսյանը, պետական համակարգում շարունակելով իր առաջընթացը, այսօր վարչապետի գլխավոր խորհրդականն է ու հավանաբար Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու խորհուրդ տվողը:

Հավելենք նաև, որ նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա: «Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է բերել Սևանի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ լճի ջրի մակարդակի բարձր նիշ»,- նշված է ԱԺ ներկայացված օրինագծում: Մինչդեռ բնապահպաններն ահազանգում են, թե 2001-2017թթ. լճի մակարդակը բարձրացել է 4․59 մետրով, ինչպես կառավարությունն է նշում, այլև 3․94 մ: Հետևաբար լճում ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5.12 մլրդ խմ-ով, այլ ոչ թե 6 մլրդ:

Հատկանշական է նաև, որ Սևանից լրացուցիչ ջրի բացթողումը դրական չի գնահատում նաև բնապահպանության նախարարությունը, որն իր եզրակացության մեջ նշել է, թե «նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը դարձյալ հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին»։ «Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետևանքների գնահատման և վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է»,- եզրափակում է նախարարությունը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am