Հայաստանի առաջին Հանրապետության օրոք Կարսի քաղաքացիական նահանգապետ գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերում առկա է մի փոքրիկ պատում, որը նվիրված է Նախիջևանի տարածաշրջանին (Հայաստանի ազգային արխիվ, Ֆոնդ 477, ցուցակ 1, գ գործ 24, թերթ.1-9 ; ձեռագիր, բնագիր):
Պատումը, մի կողմից Սարյանի կտավների նման նվազագույն հնարքներով, բայց ճոխ ու առատ մեզ է ներկայացնում մեր հայրենիքի չքնաղ անկյուններից մեկը, մյուս կողմից` ի դեմս նրա հեղինակի մենք հնարավորություն ունենք առնչվել հայ պետական պաշտոնյայի այն կերպի հետ, որը այդ հայրենիքի ու հողի իրական ծառան է, նրա բնական, օրգանական մի մասը: Ուստիև` նրա իրական տերը:
Ի դեպ, 1909 թ. հայտնի Դաշնակցության գործի դատաքննությանը վերաբերող արխիվային նյութերը վկայում են, որ երկրամասում գավառապետի օգնական աշխատած ժամանակ ռուսական կայսերական պաշտոնյա Ստեփան Ղորղանյանը գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելու հարցում: Ով գիտե, գուցե մարդկային ու հոգեբանական գործոններից մեկն էլ հենց դա է, որ պատումը գրված է այդչափ ջերմ ու այդքան սիրով:
Թերևս, եկեք ընթերցենք: Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը:
Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր
ՀԻՆ ՆԱԽԻՋԵՎԱՆ
Վերլուծելով մեր յիշողութիւններում հայ պետական անցուդարձը, տեսիլները, մենք պէտք է կանգ առնենք երկու գունալից պատկերների առաջ ևս, որոնք իւր ժամանակին այնչափ զբաղեցնում էին մեր թէ՛ վարիչ և թէ՛ հասարակական շրջանները: Դոցանից մէկը Հին Նախիջևանի գաւառն է, միուսը Երևանի գաւառի մի փոքրիկ շրջան, որ Զանգի Բասար է կոչվում: Թիւրքաց Հայեաստանի Մին­գեօլից առաջացած Արաքս, վերևից ներքև ընկնե­լով, գլորվում, գալիս է դէպի չքնաղ Կաղըզման: Դառնալով այստեղից դէպի Երվանդակերտի հռչակաւոր աւերակները, Արաքս հորձանք տալով ահագին, Հաջիբայրամի տափարակում գրկա­խառնվում է Կարսի բարձունքներից սրընթաց փախչող Ախուրեան-Արփաչայի հետ և այստեղից, ծփալով և հրճվելով, մեր պատմութեան այդ երկու հնագոյն հարազատները անցնում են ողողելու մեր երկրի միուս վայրերը:
Սուրմալու և Էջմիածին, մեր ժողովրդական լէ-լէների այդ անվանի հայրենիքը անցնելով՝ Արաքս ուժգին ողողում է Երևանի գաւառը: Քերելով հինաւուրց Մասիսի լայնածաւալ ստորոտը, նա մեծ թափով ուղղում է իր բերրի ջրերը դէպի ձախ և յանձնարարելով Հրազդան-Զանգվին հորդորել այն տափարակը, որ ընկած է Նոր Բայեազետի լեռների հովանում, նա ստեղծում է այստեղ հարուստ և անվանի Զանգիբասարը:
Բասար թուրքերէն տիրել, ողողել կը նշանակէ: Որպէս Արաքսը, Զանգուն էլ Արարատեան դաշտում մեծ յարգ և պատիւ ունի: Նրա ջրերը, Սևանա լճից գլորվելով, շատ անվանի և շատ բերրի են: Դժվար է որոշակի ասել ո՞րն է Զանգի-Բասար գաւառակում աւելի թանկարժէք՝ հողը, թէ ջուրը: Երկրի հասկացողութիւններում թէ՛ հողը և թէ՛ ջուրը ոսկի է, այդտեղ: Բայց որովհետև այդ մեծ հարստութիւնը ժողովրդի բացատրութիւններում, դիզվել և ամբարվել է այդ գաւառակում շնորհիւ այդ համեղ և անուշ ջրերի, ջուրը այդ վայրում ստացել է տնտեսական միաւորի նշանակութիւն:
Հարստութիւնը չափվում և որոշվում է ջրի քանակով: Հարկը, խարջը և բեշը որոշվում էին ջրի չափով և մարդիկ այնչափ հարկ, օլամ և բեգեար էին տալիս, որչափ ջրի բահ ունէին նոքա:
Տնտեսական այդ պայմանները ստեղծել են այստեղ առանձնակի ջրաբաշխական օրէնքներ: Գիշերները ջրի հերթը որոշվում է աստղերի դասաւորութեամբ և ջրից օգտվելու իրաւունքը, ամենասրբազնագոյնը համարվելով, յառում է իր շուրջը երկրի ամբողջ ուշադրութիւնը: Գաւառակի ոճիրների ամենամեծ մասը առաջ է գալիս ջրաբաշխական իրաւունքների խախտման առանցքում և սպանութիւնները, մահափորձը, կատաղի կռիւները, կաշառքը և բռնութիւնները կազմում են այն խայտաճամուկ խմորը, ուր տասն և երկու ամիս շարունակ բորբոքվում են երկրի կրքերը և հալվում նորա հարստութիւնը:
Ընդգրկելով ամենաբերրի տափարակը, Զանգի­Բասարը իր միուս կողմում ունի Նոր Բայեազետի և Դարալագեազի չքնաղ արօտները: Այդպիսով, Արա­րատեան դաշտի երկինքը օժտել է այդ վայրը կեանքի բոլոր վայելքներով և այդ պատճառով Զանգիբասարը անվանի է Երևանի նահանգում թէ՛ իր հարստութեամբ և թէ՛ իր բնակչութեան խիզախ և յանդուգն տրամադրութեամբ: Այդպէս է Երևանի գաւառի այն փոքրիկ գաւառամասը, որ ռուս իշխանութեան օրով կառավարվում էր մի պրիստաւի ձեռքով և ուր հարիւր տարվայ ընթացքում ռուս պաշտօնեաները, բաժանելով և տիրելով, միշտ լիացել են և շարունակ թալանել ու տարել...
Ռուս իշխանութեան օրով Զանգի-Բասարը ռուս կաշառակերների համար մի անսպառ աղբիւր էր: Հարիւր տարվայ ընթացքում հազարաւոր ռուս պաշտօնեաներ լցրել են այստեղ իրանց գրպան­ները և այնպէս բեռնաւորված հեռացել, իսկ երկիրը լուռ վճարել է ու հլու հպատակվել ռուս օրէնքների...
Հայկական իշխանութեան օրով Զանգիբասարը դարձաւ քաղաքական կռվածաղիկ:
Թուրք ազնվականները և Բագվի հարստացած թուրքերը սկսեցին պարապել «յեղափոխութիւնով» և իրանց վարձկանների միջոցով Զանգիբասարը կռվածաղիկ դարձրին իրանց և հայերի միջև:
Այդպէս են Զանգիբասարի գլխաւոր բնորոշ գծերը:
Բայց դառնանք Արաքսի ընթացքին: Հարստաց­նելով Զանգի-Բասարը, Արաքս, ցած իջնելով, կանգ է առնում փոքր Մասիսի դիմաց:
Եւ այստեղ, ուր սեպաձև բարձրաւանդակը, Դահնին (այդպէս է կոչվում այդ վայրը), բաժանում է Երևանի գաւառը Շարուրից, կամ Արարատեան դաշտը Հին Նախիջևանի տափարակից, Արաքսը կարծես հանգիստ է տալիս իր ջրերին:
Ծփալով դէպի ձախ և ուժգին զարկվելով Շարուրի դարբասներին, նա լճանում և ծաւալվում է այստեղ: Արազ-Դայեան, ասում է ժողովուրդը այդ երկրի մասին, այն տեղը, ուր Արաքս կանգ է առնում: Եւ կանգ առնելով, նա բերրի ոռոգում է այդ տափարակը և հռչակում ամբողջ Արազ-Դայեանը և ամբողջ Շարուրը բամբակով ճալթիքով-բրնձով: Թէ՛ հարուստ Արազ-Դայեան և թէ՛ հարուստ Շարուր, ռուս տիրապետութեան օրով հլու կաթնատու կովեր էին ռուս կաշառակեր պաշտօնեաների համար:
Արբեցող և արկածախնդիր ռուս աստիճանա­ւոր­ները բերում էին այստեղ թղթախաղ, իրանց կանանցը, զեխութիւն և անբարոյականութիւն և այդ բոլորը անվանելով «ռուս քաղաքակրթութիւն» և «ռուս օրիենտացիա»: Նրանք իրանց կաշառալից կապանքներումն էին պահում այդ հարուստ և հպատակ երկիրը: Այդպէս էր Զանգիբասարից յետոյ Շարուրը:
Դառնալով նորից դէպի Արաքսի ընթացքը, նրա պատմական ելևեջները, մենք տեսնում ենք, որ մեծաչափ հարստացնելով և Շարուրը, Արաքս, թախ­ծալից, նորից ընկնում է դէպի ցած և օձա­պտոյտ քերելով Պարսկաստանի սահմանները, անցնում է Հին Նախիջևան և Զանգեզուր: Հին Նախիջևանը մեծ կալվածատիրական երկիր է:
Պարսից շահերը առատալից բաշխում էին այստեղ իրանց բազմաթիւ ազնվականներին, կադիմ­ներին1, գաւառի հողերը և անվանի իրերը և նոցա միջոցաւ իշխում Ատրպատականի այդ հե­ռաւոր վայրում:
Ջերմալից արևը բուսեցնում է այստեղ բնութեան բոլոր բարիքները և Հին Նախիջևանի գաւառը վայելել է միշտ հարուստ երկրի հռչակը:
Բամբակը, բրինձը, անվանի խաղողը, որոնց տեսակները հարիւրից աւելի էին, մետաքսը, Օրդու­բաթու մեծահռչակ չիրը, դեղձը հիւլի շաֆթալին և Այլաբաթու գովական քաղցրալից սեխը՝ դութմին, ստեղծել են Արաքսի այդ աւազանում համով և հոտով մի կենցաղ, ուր մարդիկ միշտ քաղցրալից երազել են և անհոգ ճոճվել կեանքի վայելքներում:
Նոյեան տապանի առաջ, Արաքսը նորից հանգիստ է առնում: Այստեղ նա նորից լճանում է, արծաթափայլ տալի դէպի Պարսկաստան և ուշիկ ծփալով դէպի հռչակաւոր Դերիք, հռչակաւոր ս. Նախաւկեն, Մայր Արաքսն անցնում է դէպի Գողթան:
Աշխատասէր հայիւթիւնը, յետևելով Արաքսի հորձանքներին, հերկել և մշակել է հողը նորա ամբողջ տարածութեամբ: Իսկ Արաքս, որպէս մի կախարդ ժապաւէն, իրար շարելով Մինգեօլը, Կար­սի բարձունքները, Սուրմալու, Էջմիածինը, Զան­գիբասարը, Շարուրը, Հին Նախիջևանը, Գողթանը և Զանգեզուրը, իր անուշ և համեղ ջրերով կերտել է այդ տարածութեամբ ժողովրդական մրմունջները և մեր բանաւոր գրականութիւնը տվել է մեծ հմայք և մեծ ազգային փայլ…
Ձեռագիրը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը
Ստեփան Ղորղանյանի լուսանկարը`Մայքլ Բաբայանի ֆեյսբուքյան էջից