Քալիֆորնիայի իշխանությունները շարունակում են որոնել 5-ամյա Արամազդ Անդրեսյանին Սանտա Բարբարայում։

Չնայած երկու որոնողական գործողություններին՝ իշխանությունները մտադիր են շարունակել որոնումները որոշ թաղամասերում, հայտնում է noozhawk.com-ը։

5-ամյա տղայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը կալանավորվել է հունիսի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար՝ չնայած տղայի մարմինը դեռ չի հայտնաբերվել։ Տեղի իշխանությունների խոսքով նախկինում էլ են եղել դեպքեր, երբ իրենք գտել են հանցագործության մեղավորներին մինչեւ նրանց զոհերի մարմինները գտնելը։ «Ես չէի թույլատրի քրեական գործ հարուցել, եթե վստահ չլինեի, որ պարոն Անդրեասյանն է այս սարսափելի հանցագործությունն իրականացնողը»,- հայտնել է Լոս անջելեսի դատախազ Ջեկի Լեյսին։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։

Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։

Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ Նա փորձել է նաեւ ինքնասպան լինել։