Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 30-ին, դատական նիստի կեսից դահլիճ բերվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը: Դատարանը բավարարեց նրանց պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը` նրանց ներկայությունը նիստին ապահովելու վերաբերյալ:

Դատարանի ներս գալու ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին: Գեւորգ Սաֆարյանի ու Հրայր Թոփչյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, նրանք հեռացվեցին նիստերի դահլիճից 10 ժամով: Դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց:

Նշենք, որ նախորդ դատական նիստին նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել, նրանք հեռացվել էին նիստերի դահլիճից 6 ժամով: Սակայն, դատարանը որոշում կայացրեց ապահովել նրանց ներկայությունը:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար: