Երեւանի Բաղրամյան 75 հասցեում գտնվող «Դենթ» ստոմատոլոգիական կենտրոնում այսօր՝ հունիսի 30–ին, ծեծի են ենթարկել նույն ատամնաբուժարանում աշխատող բժիշկ Խաչատուր Սարգսյանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է տուժողի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծեծողը նույն ատամնաբուժարանի տնօրենի տեղակալի որդին է, որը նույնպես աշխատում է նույն տեղում։

«Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ կողմից, նույն պոլիկլինիկայում աշխատող կնոջ որդու կողմից, մայրը, կարծեմ, աշխատում է որպես տնօրենի տեղակալ։ Նրանք զրպարտել են, վիրավորել են Խաչատուր Սարգսյանին եւ երբ վերջինս դիմել է ոստիկանություն, մինչ ոստիկանների գալը հարձակվել են Խաչատուր Սարգսյանի վրա եւ ծեծի ենթարկել»։ Փաստաբանը չմանրամասնեց, թե ինչի համար են զրպարտել եւ վիրավորել Խաչատուր Սարգսյանին, միջադեպի մանրամասների մասին առայժմ ոչինչ չհայտնեց։ Ասաց, որ այս պահին սպասում են դատական բժշկին, որպեսզի դատաբժշկական փորձաքննության ենթարկվի տուժողը։

Խաչատուր Սարգսյանը յոթ ամիս է՝ ինչ աշխատում է այդ ստամատոլոգիական կենտրոնում։ Մինչ այդ աշխատել է Ազգային անվտանգության բուժծառայությունում եւ քրեակատարողական վարչությունում:

Փաստաբանը նշել է, որ Արաբկիրի բաժնում հաղորդում եւ բացատրություն են ներկայացրել, նշված դեպքով նյութեր են նախապատրաստվում, դեռեւս քրեական գործ չի հարուցվել։