Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այսօր՝ հուլիսի 1-ին, վաղ առավոտյան խոշոր վթարի հետեւանքով մահացածները կանայք են, հարս ու սկեսուր: Այս մասին հայտնել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Մահացածները եղել են «Օպել» մակնիշի մեքենայում. 59-ամյա կինը տեղում է մահացել, իսկ 36-ամյա կինը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Նրանք հարս ու սկեսուր են եղել, մեքենայի մեջ եղել են նաեւ երեխան եւ մեծահասակ տղամարդ: Վերջիններս տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:

«Մնացած ութ իրանցիները տեղափոխվել են մեզ մոտ, վիճակները բավարար է, լուրջ վնասվածքներ չունեն: Նրանց մեքենայի վարորդն էլ հայ է, նրա վիճակը նույնպես բավարար է»,- ասաց Անահիտ Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով կա 2 զոհ եւ 11 տուժած: