Համայնքների խոշորացման ծրագիրը փուլառփուլ շարունակվում է: Ըստ համառորեն շրջանառվող լուրերի՝ 2018-ին այն կմտնի նաեւ Արարատի մարզ, թեեւ, մեր հարցմանն ի պատասխան, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լրատվական բաժնից մեզ ասացին, որ այս պահի դրությամբ դեռ հստակ ոչինչ որոշված չէ:

Ինչպես մյուս մարզերում, այստեղ էլ ազգաբնակչությունը ոգեւորությամբ չի ընդունում ծրագիրը: Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես է, ասենք, իրենց գյուղապետարանը լինելու հարեւան գյուղում, ում հետ են իրենք առնչվելու, տեղեկանքների հարցերով ում են դիմելու, եւ համոզված են, որ այս ամենը նոր խնդիրներ է առաջացնելու իրենց համար ու ավելի բարդացնելու նրանց կյանքը: Ի տարբերություն հանրապետության սահմանամերձ հեռավոր մարզերի համայնքների, որտեղ հատուկենտ մարդիկ են ապրում, դպրոցներում ու մանկապարտեզներում երեխա գրեթե չկա, Արարատի մարզն իր աշխարհագրական դիրքով շահեկան վիճակում է՝ գտնվում է մայրաքաղաքին մոտ, այստեղ գյուղերը համեմատաբար զարգացած են, ունեն ճանապարհներ, մանկապարտեզ, հաճախ՝ երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, բուժամբուլատորիա եւ այլն, բնակչության թիվն էլ նկատելիորեն շատ է սահմանամերձ գյուղերի համեմատ: Ուստի սահմանամերձ գյուղերի նման, նույն հիմունքներով այս մարզի գյուղերի միավորումը բնակիչները համարում են անարդարացի:

Քանի որ Արարատի մարզը Հայաստանի ամենաքաղաքականացված մարզն է, այստեղ համայնքների խոշորացմամբ, ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունը միանգամից երկու հարց էլ կլուծի՝ նախ կօպտիմալացվեն այն համայնքները, որոնց ղեկավարները Հովիկ Աբրահամյանի մարդիկ են համարվում եւ ընտրությունների ժամանակ աշխատել են «Ծառուկյան դաշինքի» համար: Եվ, երկրորդ՝ «անկյուն կկանգնեցնեն» այն համայնքապետերին, ովքեր ՀՀԿ-ական են, բայց իրենց խոստացած ցուցանիշն ընտրությունների ժամանակ չեն ապահովել: Այս հանգամանքը նույնպես բնակիչների մոտ զայրույթ է առաջացնում։ «Համայնքի ղեկավարն ի՞նչ մեղք ունի, որ մենք ՀՀԿ-ին կամ երկրի նախագահին չենք սիրում ու չենք ընտրում, նա հո մեզ ծեծելով չի՞ տանելու, որ ՀՀԿ-ին ընտրենք: Կարող է գյուղապետը շատ էլ լավ է աշխատում, լավ էլ հարգանք ունի բնակիչների մոտ, ինչո՞ւ պիտի պատգամավորների ընտրության պատճառով նրան պաշտոնից զրկեն։ Անարդարացի է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից մեկը, որն ինֆորմացիա ունի, որ իրենց համայնքը միանալու է Մասիս քաղաքին, քանի որ իրենց գյուղապետն ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար լավ չի աշխատել:

Արարատում, շրջանառվող լուրերի համաձայն, միավորվելու են եւ մեկ փնջի մեջ են մտնելու մարզի անգամ ամենախոշոր գյուղական համայնքները՝ Այնթապ, Նոր Խարբերդ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Սայաթ-նովա եւ Հովտաշատ: «Հրապարակը» փորձեց լսել նաեւ համայնքների ղեկավարների կարծիքները՝ սպասվող խոշորացման առնչությամբ:

Նոր Խարբերդի ղեկավար, «Ծառուկյան դաշինքի» անդամ Կամո Կակոյանն ասաց.

- Քանի որ պրոցեսը ես չեմ կարողանում պատկերացնել, ամբողջ ծրագիրը ոնց է իրականանալու, չեմ կարող ասել՝ լա՞վ կլինի, թե՞ վատ, տեղյակ չեմ աշխատանքի ոճից:

Ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչպես է լինելու: Իսկ ես պատկերացնում եմ այսպես․ ազգաբնակչության համար պետք է որ բարենպաստ պայմաններ լինեն, օրենքը ես չեմ որոշում, բայց կուզենայի, որ լավ լիներ ազգաբնակչության համար: Ես համայնքի բնակիչներից որեւէ մեկն եմ: Ուզում եմ այնպես լինի, որ բնակիչը ոչ համայնքի կարիքն զգա, ոչ համայնքապետի, որ ինքն իր առօրյայով աշխատի եւ ապրի, ուղղակի զուտ թղթաբանության կամ մասնագիտական հարցերով, խորհրդի կարգով մտնի համայնքապետարան: Իսկ թե ով կզբաղեցնի համայնքի ղեկավարի պաշտոնը, հարցը դա չէ, կարեւորը՝ որ համայնքի համար լավ լինի:

- Այսինքն՝ ցավագին չե՞ք տանի, եթե միավորված համայնքի ղեկավարը Դուք չլինեք:

- Դուք ինձնից ուզում եք խոսք քաշել, բայց ասեմ ավելի կոնկրետ՝ ես մեծ հաճույքով կգնամ ճիշտ նպատակին․ եթե միանալը նպատակահարմար լինի, կգնամ: Նոր Խարբերդն Արարատի մարզի երկրորդ խոշոր համայնքն է, եթե ոչ՝ առաջինը, որը բնակչության թվով մեծ է: Այսինքն՝ եթե մենք առաջնորդվեինք պաշտոնի առաջընթացով, ես համաձայն կլինեի: Քանի որ շահեկան դիրքում եմ, հնարավորությունս թույլ է տալիս, որ ես առաջադրվեմ՝ ընտրություններին մասնակցեմ: Բնականաբար, այն համայնքը, որի բնակչությունը շատ է, նրա հնարավորությունն ավելի շատ է: Մեր համայնքն ունի երկու մեծ դպրոց՝ 700-ական աշակերտով, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, մեծ կուլտուրայի տուն, գրադարան: Եթե մենք մեր համայնքը տանք՝ ուրիշ համայնքի միացնենք, ո՞նց կլինի դրա ճակատագիրը: Ասածս այն է, որ, կարծում եմ, մեր համայնքին պետք է միանան, ոչ թե մեր համայնքը պետք է միանա:

- Արարատի մարզը բավականին քաղաքականացված է: Եվ իշխանությունների համար այն համայնքները, որոնց ղեկավարները, այսպես ասած՝ իշխանության մարդը չեն, ՀՀԿ-ական չեն կամ ՀՀԿ-ի համար քիչ ձայն են բերել, պետք է միանան: Իսկ Դուք Նոր Խարբերդ համայնքում փառահեղ հաղթանակ եք ապահովել «Ծառուկյան դաշինքի» համար: Ի՞նչ եք կարծում՝ դա Ձեզ կներվի՞:

- Ես չգիտեմ, այդ անցանկալիների մեջ գուցե ես էլ եմ մտնում, իմ համայնքը «ԾԴ»-ի համար հավաքել է ավելի քան 80 տոկոս քվե: Դա այն դեպքում, երբ ես, լինելով «ԾԴ»-ի թեկնածու, քարոզարշավին այստեղ չեմ եղել: Բայց ես ոչ մեկին ոչինչ չէի խոստացել:

Ընդհանրապես, կարծում եմ, համայնքի ղեկավարն իր բնակիչների անունից որեւէ մեկին որեւէ բան խոստանալու իրավունք չունի, որոշ վերապահումներով՝ կարող է խոստանալ միայն իր ընտանիքի անդամների անունից: Մարդը միայն իր փոխարեն կարող է խոստանալ: Իսկ եթե խոստանում են ու չեն կատարում, դա արդեն լավ չէ: Իսկ ես կրկնում եմ՝ որեւէ մեկին ոչինչ չէի խոստացել:

- Որոշ համայնքների ղեկավարներ «կուլիսների ետեւում» ասում են, որ սովորաբար իշխանությունը քաղցր աչքով է նայում միայն ՀՀԿ-ական ղեկավար ունեցող համայնքներին: Դրանց տրվում են դոտացիաներ, ֆինանսավորում, արտոնություններ: Մյուսները զրկված են նման «հաճույքներից»: Դուք այդ խտրականությունն զգացե՞լ եք:

- Ես ասեմ՝ աշխատել եմ չորս մարզպետի հետ, ոչ մեկի հետ խնդիրներ չեն եղել, բոլորի հետ, ինչպես նաեւ ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանի, ոչ մի խնդիր չեմ ունեցել: Արամայիս Գրիգորյանն իմ աշխատանքը լավ է գնահատում, ես համայնքի հետ կապված ինչ հարցով դիմել եմ, ընդառաջել է: Ուրիշների հետ կապված՝ չեմ կարող խոսել:

Մենք զրուցեցինք նաեւ Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանի հետ: Համայնքների խոշորացման հետ կապված՝ նա տեղեկություններ չուներ.

- Քանի որ չգիտեմ, թե ինչպես է դա լինելու, ինչպես է կազմակերպվելու համայնքի հետագա աշխատանքը, չեմ կարող կարծիք հայտնել խոշորացման մասին:
Հաջորդ հարցս մինչեւ վերջ չլսած, միայն լսելով իր՝ «ԾԴ»-ական լինելու մասին, զրուցակիցս նկատելիորեն զայրացավ.

- Իսկ Դուք ի՞նչ գիտեք՝ ես հանրապետակա՞ն եմ, թե՞ ուրիշ կուսակցական եմ:

- Ինչպե՞ս չգիտեմ՝ Դուք «Ծառուկյան դաշինքի» անդամ եք:

- Դե, հերիք է, էլի, բոլորս էլ հայ ենք, էլի, հերիք է՝ էս կուսակցական, էն կուսակցական, լրիվս էլ նույնն ենք, նորմալ է: Ամեն ինչում էլ օգնել են, մանկապարտեզ եմ սարքել, ամբուլատորիա, ցերեկային լույսեր եմ քաշել, բա իրենց աջակցությունն էլ կա: Եկեք-տեսեք՝ ամեն ինչ էլ սարքել ենք:

Զրուցեցինք նաեւ 1305 բնակիչ ունեցող Ջրահովիտ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Համլետ Ղազարյանի հետ, ով համայնքի ղեկավարի պաշտոնի համար երկու անգամ ընտրապայքարի է դուրս եկել։ Համայնքների խոշորացման ծրագրի մասին զրուցակիցս հետեւյալ կարծիքն ուներ.

- Շատ վատ, բնականաբար՝ շատ վատ: Ոչ բնակիչն է համաձայն, ոչ մենք, բայց ո՞վ է բնակչի կարծիքը հարցնում: Մենք էսպե՛ս չենք կարողանում տեր կանգնել մեր համայնքին, որ միավորվեն, ո՞նց են տեր կանգնելու:

- Ջրահովիտը համեմատաբար փոքր համայնք է, հավանաբար՝ այն միավորվող համայնքների շարքում կլինի:

- Դե, երեւի մենք կմիանանք:

- Ձեր համայնքային բյուջեն բավարա՞ր է համայնքի ծախսերը հոգալու համար, թե՞ ֆինանսապես շատ եք կախված պետությունից:

- Էդ ո՞ր համայնքը կախված չէ, բոլորն էլ կախված են: Ունենք մանկապարտեզ, ուժի զոռով պահում ենք, պետությունն էլ է օգնում:

- Ջրահովիտի միավորումը պետությանը ֆինանսապես մեծ բեռից կազատի՞, օգուտ կտա՞:

- Ի՞նչ պիտի տա, նույն մանկապարտեզը պիտի պահվի, էլի մարդիկ պիտի մնան աշխատողներ, ի՞նչ պիտի տա, ամեն ինչ դեպի վատն է գնալու, ոչ մի լավ բան չի լինելու: Ինչ կլինի՝ կլինի, կորցնելու ի՞նչ ունենք:

- Համայնքի ղեկավարի պաշտոնը կկորցնեք:

- Ինչի՞ համար, հանգիստ կգնամ՝ մի բանով կզբաղվեմ, էդքան հե՞շտ է էսքան չքավոր ժողովրդի հետ աշխատելը: Թե չէ համայնքապետի պաշտոնն ի՞նչ է՝ անշնորհակալ գործ է։

ՀԳ․ Աշնանն Արարատի մարզի շատ համայնքներում սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Դա էլ մի առանձին խնդիր է համայնքապետացուների համար, քանի որ, եթե հիմա մասնակցեն ընտրություններին, ապա մի քանի ամիս անց էլ՝ 2018-ի ձմռանը, արդեն նոր՝ խոշորացված համայնքների ղեկավարի ընտրություններ են լինելու:

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am