Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է վաստակի (աշխատավարձի) կառուցվածքի փորձնական հետազոտության արդյունքները:
Նման հետազոտություն Հայաստանում առաջին անգամ է եւ իրականացվել է Երևանի 50 և ավելի աշխատող ունեցող 90 կազմակերպություններում՝ ընդգրկելով աշխատողների ընդհանուր թվաքանակում առավել մեծ մասնաբաժին ունեցող տնտեսական գործունեության 9 ոլորտներ:
Հետազոտությամբ դիտարկվող ժամանակաշրջանը եղել է 2016թ. նոյեմբեր ամիսը:
Ընդհանուր առմամբ, հետազոտված կազմակերպությունների 82 տոկոսը եղել են միջին չափի (50-249 աշխատող), գերակշռել են կրթության (30 տոկոս), առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման (21 տոկոս) և մեծածախ, մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման (20 տոկոս) ոլորտի կազմակերպությունները:
Հետազոտված կազմակերպություններում միջին աշխատողը եղել է 44 տարեկան, հինգ աշխատողից երեքը՝ իգական սեռի, բարձրագույն կրթությամբ, 41 տոկոսը եղել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ (ուսուցիչ, բժիշկ, հաշվապահ, ֆինանսավարկային մասնագետ, ծրագրավորող և այլն):
Փորձնական հետազոտության արդյունքներով առաջին անգամ հաշվարկվել է միջին ժամային համախառն և զուտ աշխատավարձերը, ըստ որի՝ միջին աշխատողը Հայաստանում մեկ ժամ աշխատելու դեպքում վաստակում է 1 605 դրամ՝ հարկերի ներառմամբ և 1 190 դրամ՝ առանց հարկերի: Հետազոտված համակցության մեջ 23.9 տոկոսն են կազմել ցածր աշխատավարձ ստացողները:
Փորձնական հետազոտության արդյունքներով հնարավոր է կատարել տարբեր համեմատություններ, օրինակ, պարզել, որ ծրագրավորողը մեկ ժամ աշխատանքի դիմաց վաստակում է գրեթե 3 անգամ ավելի, քան աշխատանքային ստաժի նույն տևողությամբ ճարտարագետը:
Պարզվել է, որ Հայաստանում ծրագրավորողի միջին ժամային համախառն վաստակը 5 371 դրամ է, բժշկինը՝ 1 932, ճարտարագետինը՝ 1 916, ուսուցչինը՝ 1 775, հաշվապահինը՝ 1 531 և տնտեսագետինը՝ 1 479 դրամ:
Հաշվարկվել է, որ նվազագույն աշխատավարձի համեմատ ծրագրավորողը 16.3 անգամ ավելի աշխատավարձ է ստանում Հայաստանում, այլ մասնագետների դեպքում դա ավելի նվազ թիվ է կազմում:
Բժիշկները նվազագույն աշխատավարձի համեմատ 5.9 անգամ են ավելի վաստակում, ճարտարագետները՝ 5.8, ուսուցիչները՝ 5.4, հաշվապահները՝ 4.6, տնտեսագետները՝ 4.5 անգամ:
Այսպիսով, Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետները ծրագրավորողներն են, հաջորդում են բժիշկներն ու ճարտարագետները: