Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձին խցում է պահվում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Պաշտպանը նշեց, որ դիմել էր ՔԿՀ, որպեսզի ապահովեն իր պաշտպանյալի անվտանգությունը: Պաշտպանի խոսքով, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում վտանգ է սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։

Նախաքննությունը շարունակվում է։