Վերջերս հայկական լրատվամիջոցների թոփ թեմաներում հաճախ ենք հանդիպում այս կամ այն պաշտոնյայի, երգչի կամ հայտնի մարդու հարսանեկան միջոցառումից լուսանկարներ, մանրամասներ։ Դրանց շարքում առանձնակի ճոխությամբ ու թանկարժեքությամբ աչքի ընկավ նախօրեին հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու և բիզնեսմեն Էլդար Օսմանովի դստեր հարսանեկան արարողությունը։ Իրավամբ այն կարելի է համարել այս տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը։

Ովքե՞ր էին ամուսնանում

ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին՝ Գասպարը, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրը՝ Լոլան: Էլդար Օսմանովը «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատերն է, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը՝ «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, «Yota» ընկերության բաժնետեր: Նա ծնունդով Կրասնոդարից է: Կնոջ հետ բնակվում է Բեւերլի Հիլզում գտնվող առանձատանը, որի արժեքը կազմում է 13 մլն դոլար: Ավդոլյանի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար։

Ովքե՞ր էին ներկա

Հարսանեկան արարողության հանդիսավարներն էին Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Այն տեղի է ունեցել Dolby Theatre-ում, որտեղ տեղի է ունենում «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հարսանեկան արարողությանը հրավիրվածների թվում էին Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան, Ջեյսոն Դերուլոն, Արման Հովհաննիսյանը, Սուպեր Սաքոն։ Հյուրերի թվում է եղել նաեւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ոսկերիչ Լորի Ռոդկինը։

Որքա՞ն գումար է ծախսվել հարսանեկան արարողության համար

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այս մասին։ Ըստ այդմ՝ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար 10 միլիոն դոլար է ծախսվել։ Ֆլորիստների ծառայության համար շուրջ կես միլիոն դոլար են ծախսել։ Սակայն դրանում ներառված չի եղել ծաղիկների արժեքը։ Dolby Theatre-ում յուրաքանչյուր աստիճան զարդարված է եղել ծաղկային կոմպոզիցիայով: Հյուրերին աստիճանների մոտ դիմավորել են ջութակահարները: Ծաղկային դեկորացիան՝ կես միլիոն դոլար, արտիստների ներկայությունը՝ եւս երկու միլիոն դոլար: Նշենք նաև, որ Լոլիտան ներկայացել է Zuhair Murad-ի հեղինակած զգեստով, որի արժեքի վերաբերյալ մամուլում դեռևս տեղեկություններ չկան։