Ս.թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից։

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

-հունիսի 29-ին, ժամը 05:41-ին, M=0.2, Գառնի գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք,

-հունիսի 29-ին, ժամը 10:41-ին, M=3.1, Արագածավան գյուղից 14 կմ դեպի հյուսիս, զգացվել է Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես՝ Արագածավանում եւ Սորիկում՝ 4 բալ, Թլիկում եւ Գետափում՝ 3-4 բալ, Հակկոյում՝ 3 բալ ուժգնությամբ,

-հունիսի 30-ին, ժամը 14:07-ին, M=1.4, Մարտունի քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւելք,

-հուլիսի 4-ին, ժամը 10:21-ին, M=3.7, Գյումրի քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւելք, զգացվել է ՀՀ հյուսիսում, մասնավորապես, Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Կամո, Մայիսյան, Քեթի, Շիրակ, Ախուրյան, Ջաջուռ, Մարմաշեն, Կապս, Աշոցք համայնքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Երեք բալ ուժգնությամբ տեղի է ունեցել 4 ստորգետնյա ցնցում: Հունիսի 30-ին 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, եւ 2.6 մագնիտուդով` Իրանի Ահար քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 2.3 մագնիտուդ: Հուլիսի 4-ին Թուրքիայում նույն մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հուլիսի 1-ին 4 բալ ուժգնությամբ (2.9 մագնիտուդ) երկրաշարժեր են տեղի ունեցել Վրաստանի Բորժոմի քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, 2-ն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 29-ին Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Կերմադեկ կղզիներում: Հաջորդ օրը գրանցված երկրորդ ուժեղ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Էկվադորի ափամերձ գոտում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: