Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց՝ 2016թ. հուլիսի 27-ին Տաթեւ Գասպարյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներից Կարեն Բաղդասարյանը երկարամյա փորձ ունեցող մասնագետ է:

NEWS.am-ի տեղեկություններով, այդ օրվա հերթապահ բժիշկ Բաղդասարյանը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում աշխատում է 2015թ.-ից, մինչ այդ նա 4-ական տարի աշխատել է «Նաիրի», «Արտաշատ» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Գործով մեղադրյալ մյուս բժշկուհին՝ Լիանա Դաղբաշյանը, որը կատարել է կեսարյան հատումը, երիտասարդ մասնագետ է: Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել «Սլավմեդ»-ում: Այստեղ նա աշխատում է արդեն 3 տարի: Երկու մեղադրյալներն էլ շարունակում են աշխատել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:

Ըստ Քննչական կոմիտեի՝ գործով տուժող Տաթեւիկ Գասպարյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ին որպես հղի հաշվառվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, հղիությունը վարել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը: Մինչեւ 2016 թվականի հուլիսի 22-ը Տաթեւիկ Գասպարյանը պարբերաբար այցելել է բժշկական կենտրոն կոնսուլտացիաների, ստուգումների, անհրաժեշտության դեպքում ստացել համապատասխան բուժումներ:

Նախնական քննությամբ պարզվել է որ հետազոտությունների արդյունքներով պայմանավորված կնոջ ծննդալուծումը որոշվել է կատարել կեսարյան հատման եղանակով եւ 2016թ.-ի հուլիսի 26-ին կատարվել է կեսարյան վիրահատությունը: Այն ընթացել է առանց բարդությունների եւ ծնվել է արական սեռի առողջ երեխա: Ժամը 12:45-ին վիրահատությունը ավարտվելուց հետո Տաթեւիկ Գասպարյանը տեղափոխվել է հետվիրահատական սրահ, որտեղ կազմակերպվել է վերջինիս հետվիրահատական խնամքը: Վիրահատությունից 3 ժամ 15 րոպե անց՝ ժամը 16:00-ին, բուժող բժիշկը կատարված հետազոտությունների եւ իր զննման արդյունքում գտել է, որ ծննդկանի վիճակը բավարար է, վաղաժամ կազմակերպել է հիվանդի տեղափոխումը հետծննդյան սենյակ:

ՔԿ ձեռք բերած փաստական տվյալների համաձայն՝ արդեն հիվանդասենյակում ժամը 21:00-ի սահմաններում Տ.Գասպարյանի ինքնազգացողությունը վատացել է, որի ժամանակ գանգատների կապակցությամբ ժամանակին ձեռք չեն առնվել որակյալ ախտորոշիչ կարեւորություն ունեցող հետազոտություններ նեղ մասնագետների կողմից: Իսկ 2016թ.-ի հուլիսի 27-ին՝ ժամը 01:30-ին, կատարված փոքր կոնքի գերձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ենթաապոներոզիկ տարածության հեմատոմիա: Ժամը 02:05-ին ձեռնարկվել են բժշկական ներգործության միջոցառումներ, սակայն վիրահատության ավարտին Տաթեւիկ Գասպարյանի մոտ առաջացել է բուժմանը չենթարկվող թոքերի այտուց, ինչի կապակցությամբ հիվանդը 27.06.2016թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամը 14:30-ին բուժմանը չենթարկվող թոքերի այտուց, թոքերի սուր ռեսպիրատոր դիստրես համախտանիշից մահացել է: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Սլավմեդ» ԲԿ-ում Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացնելու պարտականություն կրող մասնագետներն իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

Մասնավորապես՝ հիվանդը վաղաժամ տեղափոխվել է հիվանասենյակ, որտեղ գանգատների ուղղությամբ ժամանակին չեն ձեռնարկվել որակյալ ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել ենթաապոնեւրոտիկ այունահավաքի առաջացումը։ Նախնական քննության արդյունքներով ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով «Սլավմեդ» ԲԿ-ի երկու աշխատակցի՝ Տաթեւիկ Գասպարյանին բուժող բժշկուհուն՝ Լ.Դաղբաշյանին եւ հերթապահ բժիշկ Կ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։