Քառօրյա պատերազմում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով դպրոցի բակում վիրավորված 13-ամյա Վարդան Անդրեասյանը կրկին վիրահատվել է:

«Ոտքը նորից են վիրահատել, երկաթներն այս անգամ ներսից են դրել, մինչեւ աշուն պետք է այդպես մնա: Ապահովության համար դեռ հենակներով է»,- NEWS.am-ին հայտնեցին Վարդանի հարազատները:

Վիրահատությունը կատարվել է Ստեփանակերտում, 13-ամյա տղային վիրահատել է Երեւանից ժամանած մասնագետը:

Վարդանը հրետակոծության հետեւանքով ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք: Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տղան վիրահատվել էր եւ շուրջ 2 ամիս անց միայն դուրս գրվել հիվանդանոցից: Վարդանի հետ վիրավորված մյուս տղան` Գեւորգ Գրիգորյանը, որի ավագ եղբայրը սպանվեց ադրբեջանական հրետակոծության հետեւանքով, արդեն լավ է: Նա ստացել էր աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասում: Մոտ 1 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո նա դուրս էր գրվել: