Ի՞նչ է կատարվում մայրաքաղաքի «Նորք» հոգեբուժական կլինիկայի շուրջ. այն կանգնած է փակման եզրի՞ն: Դա կապվա՞ծ է առողջապահության ոլորտում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հետ, որոնք արդեն հասցրել են խուճապի մատնել ոլորտը: Հավաստի են արդյո՞ք Նորքի և Նուբարաշենի հոգեբուժարանների օպտիմալացման մասին լուրերը: Այս և այլ հարցերի շուրջ Ելակետ լրատվականը (yelaket.am) զրուցեց «Նորքի» հոգեբուժարանի աշխատակցի հետ, ով, սակայն, հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ, շեշտելով, որ այս պահի դրությամբ, հիմնարկում անհանգիստ ու անորոշ մթնոլորտ է տիրում: 

«Անհասկանալի դրության մեջ ենք հայտնվել: Հիվանդանոցում լարված մթնոլորտ է տիրում: Հիվանդանոցի փակվելու հետ կապված ինֆորմացիան, որ ունենք, ոչ հերքվում է, ոչ էլ՝ հաստատվում: Խոսում են օպտիմալացման մասին, բայց, ընդհանրապես պատկերացում չունենք, թե ինչ է կատարվում: Մեր՝ աշխատակիցներիս, մոտ սպասողական վիճակ է, պատկերացում չունենք, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա այս ամենը», - ասաց անանուն զրուցակիցը:

Ինչպես ենթադրում է հոգեբուժարանի աշխատակիցը, հիմնարկը կառուցված է բարենպաստ տեղանքում, շենքը գեղեցիկ է, փարթամ այգի էլ կա. հավանաբար, ինչ-որ անհայտ ուժեր աչք են դրել տարածքի վրա, ինչից կարելի է ենթադրել, որ տեղի ունեցողը որևէ աղերս չունի առողջապահաության նախարարի կողմից առաջ քաշված՝ ոլորտում կառուցվածքային փոփոխությունների հայեցակարգի հետ, և կրում է սոսկ շահադիտական բնույթ, և որոշ մարդկանց կողմից դեռևս անբացատրելի նպատակներ է հետապնդում:

«Եթե հանկարծ հիվանդանոցը փակվի, ապա ավելի քան 130 հոգի կստանա գործազուրկի կարգավիճակ», - շեշտեց զրուցակիցը: 

Իսկ այն հարցին, թե ի վերջո, պետական որոշում կա՞, աշխատակիցը բացասական պատասխան տվեց, նշելով, որ բյուրոկրատական ոչ-մի քայլ դեռևս չի արվել, ոչ որոշում կա, ոչ հանձնարարական. անորոշ վիճակ: Մեր հարցին, թե այդ դեպքում, ինչն է մտավախության պատճառը, նա նշեց, որ կլինիկան աշխատում է մինիմում 90 տոկոս հագեցվածությամբ, հարմար տեղ ունի, 60 տարվա պատմություն, որտեղ այս պահի դրությամբ աշխատում են լավագույն մասնագետները, և բնական է, որ այն կարող է հետաքրքրություն առաջացնել ԻՔՍ մարդկանց շրջանում. «Եթե խոսենք փաստերով, ապա երկու շաբաթ առաջ փոխնախարարն է բանավոր ասել, բայց թե ինչքան է այդ ամենը հավաստի, ոչ ոք չի հստակեցնում», - պարզաբանեց նա, ավելացնելով, որ օդում կախված է մնում հարյուրից ավել հիվանդների ճակատագիրը, որոնք ըստ ամենայնի, պետք է տեղափոխվեն Ավանի և Սովետաշենի հոգեբուժարաններ: