Սեփական սադրանքի հետեւանքներն արդարացնել փորձելիս ադրբեջանական պաշտոնական, հավասարապես նաեւ ոչ պաշտոնական, սակայն պետական մարմինների ուղղակի ցուցումներով աշխատող կառույցները շարունակում են ապատեղեկատվություն տարածել, փաստերը խեղաթյուրել, իսկ միեւնույն ժամանակ հրաժարվել սեփական խոսքից եւ հրապարակումներից:

Հուլիսի 5-ին ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությունը, ի թիվս այլ հաղորդագրությունների, հրապարակել էր այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը «հետաքննություն է սկսում», այնուհետեւ հայտնել էր, որ դեսպան Կասպրշիկն «այցելել է 2-ամյա Զահրայի եւ նրա տատիկի զոհվելու վայրը»:

Այս կապակցությյամբ NEWS.am-ի թղթակիցը ԵԱՀԿ քարտուղարություն էր դիմել հարցով, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները: Կասպրշիկի վարչության պաշտոնական պատասխանում հաղորդվում է, որ «Ադրբեջանական կողմի խնդրանքով եւ հետեւելով դեսպան Կասպրշիկի ցուցումներին, որը Վիեննայում է Մինսկի խմբին տեղեկացնելու նպատակով, հուլիսի 5-ին գյուղ է մեկնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մեկ դաշտային օգնական, միեւնույն ժամանակ մյուս օգնականը միջադեպի հետեւանքով տուժած հակառակ կողմ է ուղեւորվել, շփման գծի հատված: Գրասենյակը հետաքննություն կատարելու մանդատ չունի, սակայն 2 դաշտային օգնականները կարողացել են իրավիճակին տեղում ծանոթանալ»: Կասպրշիկի վարչության պատասխանը բառացի է մեջբերված:

Ինչպես երեւում է լուսանկարից, սեւը սպիտակի վրա գրված է` «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հետաքննություն է վարում»: NEWS.am-ի հրապարակումից եւ միջազգային հանրությանը ապատեղեկացնելու փորձի փաստի բացահայտումից հետո, Բաքվում մտափոխվել են` պարզաբանելով, որ «Կասպրշիկ» ասելով` նկատի են ունեցել դաշտային օգնական Գենադի Պետրիկին: Ըստ որում` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը լավագույն կիրառման արժանի համառությամբ շարունակում է պնդել, որ դաշտային օգնականը Ալխանլու գյուղ է այցելել` «այնտեղ սեփական հետաքննություն անցկացնելով»: Հարեւան երկրի «պոլիգլոտների» համար ներկայացնենք անգլերեն տեքստի բնօրինակից քաղվածք. «The Office does not have the mandate to investigate, but both field assistants were able to get acquainted with the situation on the spot».