«Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջ ի վերջո մի անգամ պարտավորություն վերցնի: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ ա փոխվել և ինքը իրա վրա պարտավորություն չի վերցրել: Ես վերջերս եկել եմ եզրակացության, որ թող ինքը լինի», – այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` մեկնաբանելով 2018-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հավանականությունը:

Ըստ նրա` եթե այսպես 1-2 տարի պիտի պաշտոնավարեն վարչապետները և պատասխանատվություն չունենան ժողովրդի, պետության, պետականության առջև, ավելի լավ կլինի վերջ տրվի այս ամեն ինչին` վարչապետների շարունակական փոփոխությանը:

Թե ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը, Ս.Միքայելյանը պատասխանեց. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել ա, լավ ա: Վերջնական, եթե էդ մարդը կարա անի, թող անի»:

Ս.Միքայելյանի խոսքով` տարիների ընթացքում միշտ այն իրավիճակն է ձևավորվել ՀՀ-ում, որ պետք է փոփոխություն լինի, հարցի լուծում լինի. «Դրել, վարչապետ են փոխել: Հասկանո՞ւմ եք: Իսկ Սերժ Սարգսյանը չի կարա ինքն իրան փոխի: Գոնե էդ ինստիտուտն էլ կվերանա»: