«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում:

Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Մայիսի 5-ին սպանված գտան Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին: Այս դեպքից մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, մահացած գտան Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդ բնակարան բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունյանին: Երիտասարդի մահվան հետ կապված ոչ պաշտոնական մի քանի վարկած շրջանառվեց, բայց պաշտոնապես իրավապահների կողմից դեռ որեւէ հայտարարություն չի եղել:

Հունիսի 8-ին սկանդալային ծեծկռտուք էր տեղի ունեցել նշյալ փողոցի Շախմատի դպրոցի դիմաց: ՀՀԿ-ական, Գյումրու գազի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդի եւ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի սկանդալային վիճաբանությունը, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով, թեեւ դատախազությունը հերքեց այդ տեղեկությունները:

Հունիսի 25-ին կրկին Սայաթ-Նովա փողոցում սրճարաններից մեկի դիմաց օրենքով գողերի պատճառով տեղի էր ունեցել կրակահերթերի «հրավառություն», որի հետեւանքով տուժել էր 1981 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը, նա դեռ ապաքինվում է: Խոսվեց, որ այս կրակոցների մեջ խառն է գյումրեցի հայտնի գող Զապի մատը, բայց այս խոսակցությունները կրկին չհաստատվեցին: Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել 34-ամյա Արտյոմ Ղազարյանի նկատմամբ, նա Զապի`Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Չախալ Կարենը`31-ամյա Կարեն Սարգսյանը:

Ամենաթարմ կրիմինալ դեպքը Գյումրիում տեղի է ունեցել երեկ` հուլիսի 9-ին: 21-ամյա մի տղա կենցաղային վեճի պատճառով դանակահարել էր 35-ամյա Սամվել Հովհաննիսյանին: Վերջինիս պատճառելով կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Քննչական կոմիտեն արդեն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ:

Դատախազությունը եւ ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երեւույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ:

Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը եւ հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում