«Հուլիսի 24-ից Աթիվի-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին»,-այս մասին հայտարարել է «Ա-թիվի» հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանը:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ահա և վերջ … Սույն թվականի հուլիսի 24-ից Աթիվի-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին: Գրեթե 9 ամիս առաջ Աթիվի-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը տակտիկական տեսանկյունից կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է:

Այո՛, հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ունենալ ավելի ռեյթինգային ծրագիր, բայց հնդկական սերիալներ ցուցադրելը նշանակում է նաև աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը: Դեռ 15 տարի առաջ հայկական ալիքները գնում էին թանկարժեք արտասահմանյան սերիալներ, ինչը իր հերթին խթանեց հայկական արտադրությանը, քանի որ այդ նույն գնով հնարավոր էր արտադրել սեփականը՝ վարձելով հայ սցենարիտի, հայ ռեժիսորի, հայ դերասանի և այլ մասնագետների:
Ի՞նչ ցույց տվեցին վերջին 9 ամիսները։ Փաստորեն այն, որ ծախսելով գրեթե 6 անգամ ավելի քիչ գումար, կարող ես ունենալ նույն, իսկ գուցե նաև ավելի բարձր վարկանիշ, ինչ ունեիր հայկականը ցուցադրելով: Սակայն, կարծում եմ, որ հեռուսթառեյթինգը, որքան էլ այն կարևոր լինի, չպետք է միակ ցուցիչը լինի, և ելնելով այս նկատառումից՝ մենք որոշեցինք, որ ավելի հեռանկարային ու ճիշտ է ծախսել ավելի շատ գումար, բայց արտադրել սեփական հեռուստանախագծեր, քան ծախսել ավելի քիչ ու ձեռք բերել ռեյթինգային հնդկական սերիալներ:
Ի վերջո, շատ է հնչում այն միտքը, որ մենք որակյալ սերիալներ չունենք: Ողջ հարցը նրանում է, թե ինչն ենք ինչի հետ համեմատում: Եթե մեր սերիալները համեմատում ենք HBO-ի ու Netflix-ի սերիալների հետ, ապա այո՛, չունենք: Գուցե նաև հենց հնդկականների հետ համեմատելիս էլ ոմանք այդ եզրահանգմանը գան: Կարծում եմ, սակայն, որ պետք է համեմատենք մեր սերիալները՝ մեր սերիալների հետ, որովհետև մենք չունենք ո՛չ արևմտյան բյուջեները, ո՛չ էլ անգամ հնդկական փորձը, որը տասնամյակներ է հաշվում: Ակնհայտ է, որ 10 -15 տարվա վաղեմության սերիալների համեմատությունը այսօրվա սերիալների հետ պարզ ու ակնառու է դարձնում այն որակական աճը, որ գրանցվել է: Մենք ընտրում ենք հետագա զարգացման ճանապարհը, անգամ եթե կարճաժամկետ հեռանկարում դա նշանակում է ռեյթինգային նահանջ»: