Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Տիգրան Գեւորգյանն իր սիրեցյալին` շրջանավարտ Լիլիթ Գրիգորյանին ձեռքն ու սիրտն է առաջարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դիպլոմները հանձնելու արարողության ժամանակ:

«Ցանկանալով այս գեղեցիկ օրը ավելի հիշարժան դարձնել, ուզում եմ բոլորի ներկայությամբ ասել, որ սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ, որ դու դառնաս իմ կինը»,- ասել է նա, ծնկի եկել եւ մատանին աղջկա մատին դրել բոլոր մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո:

Իրադարձությունների նման շրջադարձից շփոթահար աղջիկը այդպես էլ ի պատասխան ոչինչ չի ասել: Զույգը ձեռք ձեռքի հեռացել է, իսկ վարողը նորաթուխ փեսացուի ետեւից բղավել է, որ նա աղջկան մերժելու հնարավորություն չի թողել: Չնայած, հավելել է նա, նման առաջարկությունից չեն հրաժարվում:

Հայտնի է, որ Տիգրան Գեւորգյանը ապագա սրտաբան է, նա բուհը գերազանց է ավարտել եւ այսօր կարմիր դիպլոմ ստացավ: