«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետեւյալ կոնֆիգուրացիան է լինելու. մի փոխվարչապետը կլինի վարչապետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ Գագիկ Խաչատրյանը, որը վերջին ամիսներին ակտիվացել է: Քննարկվում է նաեւ Հովիկ Աբրահամյանին երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը: Արգամիչի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները վերջերս բավականին լավացել են, նրանք հաճախակի են հանդիպում, եւ մերձ շրջանակներն էլ ասում են, որ «վտակները մայր գետերին միանալու» տենդենց ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: