«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում անցկացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով՝ հատուկ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

Նշեք, որ միջոցառմանը ներկա էր եւ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին: «Ես այստեղ ներկա եմ վարչապետի հանձնարարությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցողական երկխոսության հանձնարարության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը՝ կառավարությունը, պետք է իր դիրքորոշումը հայտնի, ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես եւ անկեղծ համագործակցելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ կրկնելով, որ միջոցառման մասնակիցներին է փոխանցում այս խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի անունից:

Մոտ մեկ ամիս առաջ ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին մի քննարկման ժամանակ, որին մասնակցում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն, ասել էր. «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»: Այս հայտարարությանը հաջորդեց իշխանության տարբեր ներկայացուցիչների հակադարձումները, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր:

«Ես կարծում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՝ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, եւ որոշում է Ազգային ժողովը: Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես ծանոթ չեմ, ես կարծում եմ՝ դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելուն, ինչը համարում եմ անթույլատրելի: Անկախ նրանից՝ դա արվում է բարի, թե՝ այլ նպատակով»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Դավիթ Հարությունյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր շնորհանդեսից առաջ Դավիթ Հարությունյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, սակայն առաջարկեց ընդամենը մեկ հարցի մասին խոսել: Հարցը չվերաբերվեց ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին շրջանի սուր գնահատականներին: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունից հետո Դավթ Հարությունյանն ու Պյոտոր Սվիտալսկին ձեռքսեղմումով վեր կացան իրենց տեղերից եւ փորձեցին դուրս գալ միջոցառման սրահից: Լրագրողների ներկայությամբ նրանք ժպիտով որոշ մտքեր փոխանակեցին, իսկ հարցերի Դավիթ Հարությունյանը չցանկացավ պատասխանել: Պյոտոր Սվիտալսկին նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ինքը չունի:

Կարելի կարծել, որ փոխադարձ քննադատություններից հետո իշխանությունները, այնուամենայնիվ, հասկացել են, որ Եվրոպական միության ներկայացուցիչների հետ նման կոպտությամբ չպետք է փոխհարաբերվեն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաեւ ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում