ՌԴ Սախայի Հանրապետությունում Լենա գետում միջանցիկ ջրանցքում ջրահեղձ եղած 21-ամյա Նարեկ Հակոբյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր՝ քառօրյա պատերազմի մասնակից: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Նարեկի բարեկամ Արտյոմ Գրիգորյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Հայաստանի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում, իսկ դին գետից դուրս են բերել այսօր: «3 ամիս էր, ինչ մեկնել էր արտագնա աշխատանքի, սոցիալապես անապահով ընտանիք են, երեք քույրն ու ինքը, քույրերը ամուսնացած են, մայրը չարորակ ուռուցք ունի՝ քիմաներ է ընդունում Երեւանում»,-ասաց Արտյոմ Գրիգորյանը:

Բարեկամի պատմելով՝ Նարեկը քառօրյա պատերազմի մասնակից է, զորացրվել է մեկ տարի առաջ. «Մարտունիում էր ծառայում, գնացել էր խոպան որ փող աշխատեր մոր բուժման համար»:

Հորեղբոր խոսքով՝ ՌԴ-ում արդեն իսկ կազմակերպել են տղայի դիակի Հայաստան տեղափոխման հարցերը, սակայն, հորեղբոր խոսքով՝ այնտեղ Նարեկը բարեկամներ չունի, ինչը կարող է ավելորդ ձգձգումներ առաջացնել:

«Համապատասխան մարմիններին պարզապես խնդրում եմ, որ իրենք էլ հետեւողական լինեն, որ մեր երեխուն նորմալ բերեն տեղ հասցնեն, ճանապարհին խնդիրներ չառաջացնեն»,-ասաց նա: