Լոռիում տղամարդը մեղադրվում է ծանոթուհուն նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-138 հոդվածի 1-ին մասով։ ԻՆչպես NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, Հայկազ Ծ.-ն 2016թ. հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմանում իր ծանոթուհու հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է նրան պատկանող տան բակ, որտեղ «կենակցելու ձգտումն իրականացնելու նպատակով» փայտով հարվածել է նրա ծոծրակային հատվածին, տեղափոխել է այգի, որտեղ նորից փայտով հարվածել է ծանոթուհու ուսահոդի շրջանին եւ օգտվելով նրա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը։

Կինը Հայկազի կողմից իր հետ սեռական հարաբերություն ունենալու «համառ ձգտումն» ընկալել է որպես իր առողջությանը սպառնացող իրական վտանգ եւ դիմել է խորամանկության։ Նա չի առարկել, չի դիմադրել, միայն համոզել է Հայկազին, որ նրա կամքը կկատարի, բայց միայն միասին սուրճ խմելուց հետո։

Հայկազը համաձայնել է, գնացել է նրա տուն, սակայն, այդ ընթացքում կինը դիմել է փախուստի` գնացել է հարեւանի տուն օգնություն խնդրելու: Հայկազ Ծ.-ն իր հանցավոր մտադրությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ միջամտել է հարեւանը։

Դատարանում ամբաստանյալ Հայկազ Ծ.-ն ժխտել է իր կողմից տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելը։ Նա ընդունել է, որ փայտով հարվածներ է հասցրել նրան, բայց ասել է, թե նրան հարվածել է իր ծնողների հասցեին վիրավորական խոսքեր ասելու համար։

Դատաքննության ավարտական փուլում մեղադրողը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն՝ պատճառաբանելով, որ նրա մոտ առկա է «Անձի շեշտվածություն, հակասոցիալական վարք»։ Մեղադրողը հիշատակել է նաեւ ամբաստանյալի տարօրինակ վարքագիծը՝ այս գործի դատաքննության ընթացքում։ Պաշտպաններն ու ամբաստանյալը միջնորդության դեմ չեն առարկել։ Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը եւ Հայկազ Ծ.-ի նկատմամբ նշանակել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն։