Նոր մանրամասներ են հայտնի դարձել հենց իր աշխատասենյակում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարությունից:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, որից հետո հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ դանակահարության հետեւանքով Ռուբեն պողոսյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի եւ վերին վերջույթների շրջանում:

«Նրա մոտ առկա էր առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ:

Նրան անմիջապես տեղափոխել են վիրահատարան, որտեղ օգնություն են ցուցաբերել դիմածնոտային վիրաբույժները եւ այլ նեղ մասնագետներ: Նրա վիճակը ծանրանում էր արյան մեծ կորստի պատճառով, որի հետեւանքով նրա մոտ զարգացել էր կրկնակի ծանր ինֆարկտ»,-հայտնեցին հիվանդանոցից՝ հավելելով, որ այս պահին Ռուբեն Պողոսյանի վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր:

Նշենք, որ հուլիսի 17–ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը դանակահարվել է: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նախնական տեղեկություններով՝ նրա վրա հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։