«Հրապարակ» թերթը գրում է. «Պետգույքի մասնավորեցման կառավարության 2017-2020թթ. ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դրանում ընդգրկված էին նաեւ առողջապահական հաստատություններ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են։ Դրանց ղեկավարներից մի քանիսը հրապարակավ քննադատեցին ծրագիրը։

Մեր տեղեկություններով՝ առողջապահական մի քանի հիմնարկների ղեկավարներ միջնորդներ են գտել, բանագնացներ են ուղարկել նախագահի մոտ եւ փորձել իրենց հաստատությունը ցանկից հանել։ «Մեկը դիմել է նախագահի մոտ ընկերոջը, մեկը՝ առաջին տիկնոջը, ով ում կարողացել է, խառնել է՝ այս խայտառակությանը վերջ տալու համար։ Դե, միայն նախագահով կարող էին այս հարցը լուծել»,- ասաց մեր աղբյուրը։

Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի համար էլ նախագահին միջնորդել են ՀՅԴ-ականները։ Կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը ՀՅԴ անդամ է, ժամանակին ՀՅԴ քվոտայով առողջապահության նախարարն էր եւ հրաժարական է տվել, երբ ՀՅԴ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին։ ԱԺ ընտրություններին էլ առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, թիվ 2 ընտրատարածքում, եւ ստացել 440 ձայն։

ՀՅԴ-ի միջամտությամբ այրվածքաբանական կենտրոնը կհանվի այդ ցանկից, սակայն թե ինչ կարգավիճակ կունենա, դեռ պարզ չէ։

Հիշեցնենք, որ Դավիդյանն անողոք քննադատել էր կենտրոնը մասնավորեցնելու ծրագիրը՝ նշելով, որ այն երկրի համար ռազմավարական եւ սոցիալական նշանակություն ունի, Հայաստանում նման ուղղվածության միակ կենտրոնն է, չի կարելի այն վաճառել, որ անկապ մեկը չդառնա նման կենտրոնի սեփականատեր․

«Սա գիտական կենտրոն է, 5 պրոֆեսոր է աշխատում, գիտությունների 8 թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա´վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել` ինչ եք անում։ Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաեւ խորովածանոց սարքել, երեւի մի քիչ ավելի լավ կլինի»,- ասել է Դավիդյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում