ԱԻՆ Տեխնիկական անվատնգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վոլոդյա Հովսեփյանին խնդրեցինք գնահատել Ծաղկաձորում գործող ճոպանուղու անվտանգությունը, սակայն վերջինս նշեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ իրենց չեն դիմել այդ հարցով:

Դեռ փետրվար ամսին աղմուկ բարձրացավ ճոպանուղու թեմայով, փորձագիտական կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ Ծաղկաձորում գործող ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որոնք կարող են տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի պատճառ հանդիսանալ:

-Պարոն Հովսեփյան, մի՞թե մեխանիզմներ չկան, որ թույլ չտաք ճոպանուղին աշխատի այնքան ժամանակ, մինչև անվտանգ չլինի:

-Մեխանիզմներ կան, արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն այդ գործառույթներն իրականացնում են չգրանցված: Փորձաքննություն չանցած օբյեկտներին կարգադրագրեր են տալիս, նաև բացասական ստացած օբյեկտներին կարգադրագրեր են տալիս, արգելում են շահագործումը կամ տուգանք են նշանակում, վարչական վարույթ են իրականացնում և այլն: Դա իրենց գործառույթն է և իրենք այդ գործառույթն իրականացնում են:

-Եթե այս պահին նրանք չեն դիմում, չունեն փորձաքննության արդյունքները, ինչպե՞ս են թույլ տալիս, որ այն աշխատի:

-Տեսչությունը, կարծում եմ, երևի ինչ-որ գործընթաց իրականացրել է, չեմ կարող ասել, մեր լիազորությունների շրջանակներում չի դա: Համենայն դեպս, ունենք շատ ճոպանուղիներ, Ջերմուկի ճոպանուղին, Տաթևի ճոպանուղին, որոնք գրանցված են, ամեն տարի փորձաքննություն են անցնում, շատ լավ վիճակում են նրանք: