ԱՄՆ Կոնգրեսը 410 կողմ և 6 դեմ ձայներով ընդունել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձև:
Օրինագծում նշված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կոչ անի Ռուսաստանին զորքերը դուրս բերել Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և սահմանների վերահսկողությունը վերադարձնի այդ երկրներին:
ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը: Նոր օրինագծում բաժին կա նվիրված «Եվրոպայում եւ Եվրասիայում ռուսական ազդեցությանը դիմակայելու» խնդրին: Դրանում նշված է, որ «Կոնգրեսը բացահայտել է, որ Ռուսաստանը փորձել է ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանող, քսենոֆոբիա եւ ոչ ազատական հայացքներ քարոզող, եվրոպական միասնությունը քայքայող կուսակցություններին, «ուղեղային կենտրոններին», քաղաքացիական հասարակության խմբերին ռեսուրսներ տրամադրելու միջոցով ազդել Եվրոպայում եւ Եվրասիայում քաղաքական գործընթացների վրա»:
ԱՄՆ նախագահը պետք է զեկույց ներկայացնի «Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող ու ֆինանսավորվող ԶԼՄ կազմակերպությունների մասին» թեմայով: Դրանում տեղեկություն է հրապարակվելու այն լրատվամիջոցների մասին, որոնք նախորդ տարվա ընթացքում ազդել են Եվրոպայի եւ Եվրասիայի ցանկացած երկրներում ընտրական գործընթացի ելքի վրա, ներառյալ կուսակցություններին, թեկնածուներին, լոբբիստական ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության կառույցներին ցուցաբերվող ուղիղ աջակցությունը:
Կոնգրեսը հաստատել է նաև 2018 ու 2019 ֆինանսական տարիներին «Ռուսական ազդեցությանը դիմակայելու հիմնադրամի» ֆինանսավորումը 250 միլիոն դոլարի չափով:
Հայաստանը այն երկրների թվու՞մ է, որտեղ ԱՄՆ-ն ստուգելու է Ռուսաստանի ազդեցությունն ընտրությունների վրա: Հայաստանում պարզելու՞ են, թե Ռուսաստանից ֆինանսավորվող որ լրատվամիջոցներն ու կազմակերպություններն են ազդել ընտրությունների կամ Հայաստանի արտաքին քաղաքական եւ աշխարհտնտեսական որոշումների վրա:
ԱՄՆ-ն փաստացի ուժեղացրել է Ռուսաստանի դեմ պայքարը Եվրասիայի համար: Ներկայում խոսքը Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի մասին է, որոնց ԱՄՆ-ն մտադիր է իր «հովանու» տակ վերցնել: Հայաստանը կլինի՞ հաջորդը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am