Եզակի ազգ ենք՝ արդարության, օբյեկտիվության ուրույն պատկերացումներով։ Դիմացինի ամենափոքրիկ վրիպումը կարող է դառնալ անպատմելի վրդովմունքի առարկա, իսկ սեփական սխալների նկատմամբ կարող ենք քրիստոնեական մեծահոգություն դրսեւորել։ «Արտաշատի տարածքի մի խումբ տնօրեններ» ստորագրված անստորագիր նամակը, թվաց, մարզի կամ քաղաքի ղեկավարությունից դժգոհության դրսեւորում է, որտեղ ներկայացված փաստերը պատրաստ էինք ուսումնասիրել, սակայն պարզվեց՝ բողոքն ուղղված է ոչ թե ներկա ղեկավարությանը, այլ՝ նախկին։ Նախկին մարզպետին, կրթության վարչության նախկին պետին, սոցծառայության նախկին պետին «բացահայտող» նամակում կոռուպցիայի փաստեր են շարադրված եւ եզրակացություն՝ «սրանք զրկվել են ամեն ինչից, մարզպետի միջոցով էտ ամենի դեմն առնվել է՝ մարզպետը կանխել է թալանը»։ Եվ ամոթանք՝ ուղղված մեզ․ «Մամուլը շատ էր գրում դպրոցներում կատարվող անօրինականությունների մասին, հիմա պաշտպանո՞ւմ էք թալանչիներին»։ Դժվար է հավատալ, որ տառասխալներով գրված նամակի հեղինակները դպրոցների տնօրեններ են, որոնք «երազում» են, որ գործող մարզպետը մնա ու աշխատի։ Փորձում եմ հասկանալ, թե մեր որ հրապարակումից են ենթադրել, որ «պաշտպանում ենք թալանչիներին», եւ ինչու են գործող մարզպետին պաշտպանող նամակն անստորագիր գրել։ Դժվար չէ գլխի ընկնել, որ «տագնապի» պատճառը մեր լուրն է՝ նախկին մարզպետի վերանշանակվելու մասին անորոշ լուրեր են շրջանառվում մարզում։ Իսկ անստորագիր են գրել, քանի որ վախ ունեն՝ հնարավոր է, իսկապես, նախկինը վերադառնա։ Դատավոր չդառնանք եւ փորձենք մարդկային բոլոր թուլությունները բացատրել ու ըմբռնումով մոտենալ։ Ուղղակի ցավալի է, որ մտավորական կոչվող մարդիկ նախընտրում են մատնագրերի եւ ծառայություն մատուցելու այս եղանակը։

Նյութի աղբյուրը՝ Hraparak. am