Վանաձորի ավտոգազալցակայաններից մեկում հուլիսի 25-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը գրանցվել է ժամը 18:05-ին՝ Վանաձորի Նարեկացի փողոցի վրա գտնվող գազալցակայաններից մեկում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ լիցքավորման ժամանակ ճնշման տակ պոկվել է ռետինե խողովակն ու հարվածել լիցքավորողի դեմքին, ում ծանր վիճակում տեղափոխել են նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ՝ Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածը 1995թ-ին ծնված Ն. Պեպանյանն է, ով ստացել է գլխուղեղի ցնցում, դեմքի պատռվածքներ ու վնասվածքներ: Տուժած աշխատակցի վիճակը ծանր է:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, չի բացառվում, որ քրեական գործ կհարուցվի: