Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը զարգացած եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Հայաստանի ջանքերին: Այս մասին Հայաստանում վերջին զարգացումների կապակցությամբ ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:

«Չափազանց կարեւոր է, որ բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ նրանք, ովքեր իրականացնում են հավաքների եւ խոսքի ազատության իրենց իրավունքը, խուսափեն առճակատումից եւ զսպվածություն եւ պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես վերջին օրերին: Եվրամիությունը շարունակում է բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը բազմակողմ երկխոսության խրախուսել՝ հաշվի առնելով նոր կառավարության ժողովրդավարական ձեւավորումը՝ Սահմանադրության եւ բոլոր հայերի շահերին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը չհաստատեց «Իմ քայլը» շարժման առաջնորդի, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապեի պաշտոնում: Նրա օգտին քվեարկեց 45, դեմ` 55 պատգամավոր: Դրանից հետո Փաշինյանը կոչ արեց վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: